Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի եւ նրա համախոհների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Հրամանագիրը նա ստորագրել է այսօր՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան։ Զելենսկու խոսքերով՝ պատժամիջոցներն ուղղված են 19 անձի դեմ։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ պատժամիջոցներ են կիրառվել Վրաստանը եւ նրա ժողովրդի արժեքները վաճառողների նկատմամբ։
Զելենսկին կոչ է արել Եվրոպային, Ամերիկային եւ ամբողջ աշխարհին գործել նույն կերպ եւ սկզբունքորեն։
«Միջազգային հարաբերություններում այդպես է լինում. եթե ժամանակին եւ սկզբունքորեն չարձագանքես երեւույթին, տասնամյակներ են կորչում, եւ երկրները զրկվում են ազատությունից»,- ասել է Զելենսկին:
Թամարա Սարգսյան