Արդեն 33 տարի է, ինչ անկախ է մեր երկիրը։ Ռուսական կայսրությունից է անկախացել, որը պատմական մի կարճ հատված՝ 70 տարի, Խորհրդային Միություն էր կոչվում։ Խորհրդային այդ երկիրն արդեն չկա։ Պատմությունը փակել է նրա հետ իր հաշիվներն ու արխիվ է ուղարկել։ Թողել է ուսումնասիրողներին։ Բայց մենք այդ մահացած երկրի հետ մեր կապերը խզել ոչ մի կերպ չենք կարողանում։ Մեր փողոցներն ու պողոտաները, մեր բնակավայրերն ու դպրոցները կրում են արդեն անցյալ դարձած այդ երկրի հերոսների, այդ երկրի հավատարիմների անունները։
Շենքերի պատերին կարելի է տեսնել Անկախ Հայաստանի մտքին խորթ, Անկախ Հայաստանի գաղափարը մերժող, իրենց գիտակցական կյանքի ընթացքում այդ գաղափարի դեմ պայքարած խորհրդային կուսակցական ու պետական մանր ու մեծ չինովնիկների հիշատակին ամրացված սալիկներ, որոնք տեղեկացնում են, թե տվյալ շենքում ապրել է «նշանավոր պետական գործիչ» այսինչը կամ այնինչը։ Պետություն չենք ունեցել, իսկ պետական գործիչներ, այն էլ նշանավոր, որքան ասես։
Խորհրդային, նույնն է թե՝ ռուսական բանակի մարշալ Բաղրամյանի անունն է կրում մեր մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը, որի մայթին էլ նրա արձանն է՝ ձիու վրա։ Թե ինչու ձիու վրա՝ պարզ չէ բոլորովին։ Խորհրդային, նույնն է թե՝ ռուսական բանակի մարշալ Բաբաջանյանի անունն էլ մեկ այլ փողոց է կրում, իսկ փողոցին կից այգում նրա արձանն է, առանց ձիու, աթոռին նստած։ Խորհրդային, նույնն է թե՝ ռուսական ծովակալ Իսակովի՝ դեպի ԱՄՆ դեսպանատուն ուղղված սպառնալից հայացքով հսկա արձանը գտնվում է իր իսկ անունը կրող պողոտայի վրա։ Խորհրդային երկրի ստալինյան ու հետստալինյան շրջանի ամենաերեւացող ու ամենաչարագուշակ դեմքերից մեկի՝ Անաստաս Միկոյանի անունն է կրում մեր մայրաքաղաքի մեկ այլ փողոց։
Օրինակները շատ են, թվարկելն իմաստ չունի։ Թվարկվածներից Բաղրամյանը միակն է, որ իր կյանքի մի կարճ հատված՝ 1918-ին, երբ 20-21 տարեկան է եղել, կռվել է Հայաստանի բանակի կազմում։ Նրանք Ռուսական կայսրությանն են ծառայել։ Եթե «Ռուսական կայսրություն» ձեւակերպումն ինչ-ինչ պատճառներով ականջ է ծակում, կարելի է «Խորհրդային Միություն» գրել։ Էությունը դրանից չի փոխվի։ Հայաստանին չեն ծառայել, եւ զավեշտ է, երբ Անկախ Հայաստանի մայրաքաղաքում եւ այլ բնակավայրերում նրանց արձաններն են ու նրանց անուններով փողոցներ են։
Մեր երկիրն իր երկարատեւ պատմության ընթացքում տարբեր կայսրությունների կազմում է եղել։ Այդ կայսրությունների բանակներում, արքունիքներում, պետական կառույցներում հայեր, անկասկած, եղել են։ Նրանք իրենց միտքը, իրենց քրտինքն ու իրենց արյունը տվել են կայսրություններին, աշխատել են ի շահ կայսրությունների, կայսրություններին էլ, հետեւաբար, պատկանում են։
Եթե մենք պետք է Հայաստանը նվաճած կայսրություններին հավատարմորեն ծառայած հայազգիներով հպարտանանք ու նրանց հերոսացնենք, ինչո՞ւ ենք այդ դեպքում մոռանում Օսմանյան կայսրությունը, որի կազմում շատ ավելի երկար շրջան ենք ապրել, որի բանակում, որի արքունիքում հայեր նույնպես եղել են։
Ինչո՞ւ չենք հիշում ու չենք գնահատում Օսմանյան կայսրության նվիրյալ Սուլեյման փաշա Էրմենիին։ Ինչո՞ւ արժանին չենք մատուցում Աքեմենյան Պարսկաստանի արքա Դարեհ առաջինի բանակի հայազգի զորավար Դադարշիշին։ Ինչո՞ւ չունենք նրա անունով պողոտա ու նրան հավերժացնող մի ճոխ արձան։ Նրա դեպքում ձին, հաստատ, տեղին կլիներ։ Դարեհը Ք.ա. 523-521 թվականներին իր Բեհիսթունի եռալեզու արձանագրության մեջ հատիչով ժայռին պարզ գրել է, որ Հայաստան է ուղարկել հայազգի Դադարշիշին ու ասել՝ «Գնա’, նվաճի’ր այդ ապստամբ ժողովրդին, որ ինձ չի հպատակվում»։ Սա էլ եկել ու հայերի ապստամբությունը ճնշել է փորձել։ Դադարշիշը Բաբաջանյանից ինչո՞վ է վատը։ Բաբաջանյանն էլ 1956-ին կայսրության հրահանգով Հունգարիայի ապստամբությունն էր արյան մեջ խեղդում։
Ովքե՞ր են մեր հերոսները։ Ումո՞վ ենք աշխարհին ներկայանում։ Դարեհի հրամանով հայկական ապստամբությունը ճնշող Դադարշիշո՞վ, խորհրդային իշխանությունների հրահանգով հունգարական ապստամբությունը ճնշող Բաբաջանյանո՞վ, ստալինյան բռնությունների մասնակից ու կազմակերպիչ Միկոյանո՞վ, Օսմանյան կայսրությանը ծառայող այս կամ այն հայազգի փաշայո՞վ, թե՞ Հայաստանի անկախությանն ու լինելիությանը, Հայաստանի ճանաչելիությանը նպաստած դեմքերով։
Ո՞վ ենք մենք։ Ժողովուրդ, որ գիտի իր պատմությունն ու ծրագրում եւ կառուցում է իր ապագան, թե՞ շարունակում ենք մնալ կայսրության կնիքը կրող, կայսրության ստվերը մտքում ու հոգում պահած էթնո-կրոնական փաքրամասնություն, կայսրության ետնախորշ, որն իր հռչակած Անկախությունը չի հարգում կամ իր հռչակած Անկախությանը չի հավատում։
Այս հարցը 1990-ականների առաջին տարիներին ստացել էր իր պատասխանը։ Կտրվում էինք խորհրդային իրականությունից։ Մեր քաղաքներն ու մեր փողոցները մեր երեւելիների անուններով էին վերանվանվում։ Պայմանավորվել էինք՝ անկախ երկիր ենք այլեւս եւ կրողը չենք խորհրդային իրականության։ Պայմանը, հավանաբար, միանշանակ չէր։ Միանշանակության բացակայությունն էլ նպաստեց, որ արդեն 2000-ականներին՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակներում, խորհրդային իրականության ստվերը վերադառնա ու այս արձանների, այս փողոցների ու այս պողոտաների տեսքով արտահայտվի, աղավաղի մեր իրականությունը, դարձնի մեզ մեր իսկ կողմից 1991-ին մերժված անցյալի կրողն ու այդ անցյալի գերին։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։