Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դիտավորյալ եւ ցուցադրական ցեղասպանության համար։
«Amnesty International-ը հետաքննության ընթացքում բավարար ապացույցներ է գտել եզրակացնելու, որ Իսրայելը կատարել է եւ շարունակում է ցեղասպանություն կատարել պաղեստինցիների նկատմամբ օկուպացված Գազայի հատվածում [․․․]՝ անպատկառորեն, անընդմեջ, անխնա եւ բոլորովին անպատիժ դժոխք եւ ավերածություն տարածելով»,- ասվում իրավապաշտպան կառույցի հայտարարության մեջ։
Կառույցը նշում է, որ Իսրայելը ցուցադրաբար «կատարում է Ցեղասպանության մասին կոնվենցիայով արգելված գործողություններ՝ Գազայի հատվածում պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ»։
Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը հայտարարել է, որ իրավապաշտպան կառույցի «դատապարտող բացահայտումները միջազգային հանրության համար պետք է ծառայեն որպես սթափեցնող կոչ»:
«Պետությունները, որոնք շարունակում են զենք մատակարարել Իսրայելին, պետք է իմանան, որ խախտում են ցեղասպանությունը կանխելու իրենց պարտավորությունները եւ մեղսակից դառնալու վտանգի տակ են։ Իսրայելի վրա ազդեցություն ունեցող բոլոր երկրները, հատկապես ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ անդամները եւ մյուսները, պետք է անհապաղ գործեն Գազայում պաղեստինցիների դեմ Իսրայելի ոճրագործություններին վերջ տալու համար»,- ասել է Կալամարը։
Amnesty International-ը նաեւ նշել է, որ հետաքննության ընթացքում կազմակերպության աշխատակիցները «հարցազրույց են անցկացրել 212 մարդու հետ, կատարել դաշտային հետազոտություն եւ վերլուծել վիզուալ եւ թվային ապացույցների լայն շրջանակ, ներառյալ արբանյակային պատկերները»:
«Վերլուծվել են նաեւ Իսրայելի կառավարության եւ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ իշխանության պաշտոնական մարմինների հայտարարությունները»,- հայտնում է իրավապաշտպան կառույցը՝ պարզաբանելով, որ այն «բազմիցս կիսվել է իր բացահայտումներով իսրայելական իշխանությունների հետ, բայց որեւէ էական պատասխան չի ստացել»:
Իսրայելի արտգործնախարարությունն արդեն արձագանքել է Amnesty International-ի հայտարարությանը եւ այն անվանել «լիովին կեղծ» եւ «ստի վրա հիմնված» զեկույց։
«2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունն իրականացրել է Իսրայելի քաղաքացիների կոտորած, որը ցեղասպանություն էր։ Այդ ժամանակից ի վեր Իսրայելի քաղաքացիները ամեն օր հարձակումների են ենթարկվում յոթ տարբեր ճակատներից»,- ասվում է հրեական պետության ԱԳՆ հայտարարության մեջ եւ ավելացվում, որ Իսրայելն իրեն է պաշտպանում այդ հարձակումներից, որն իրականացվում է միջազգային իրավունքին համապատասխան։