Հյուսիսատլանտյան դաշինքը փոխել է իր ռազմավարությունը Ուկրաինայի հարցում, գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները այժմ փորձում են ոչ թե Ուկրաինայի հաղթանակը ապահովել պատերազմում, այլ օգնել, որ Կիեւը բանակցային գործընթացում առավել լավ դիրքերում հայտնվի կամ գոնե ներկա փուլում կարողանա զսպել ռուսական բանակի առաջխաղացումը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարության փոփոխությունը նշանակում է, որ Բրյուսելը կկրկնապատկի Կիեւին զենքի մատակարարումների ծավալը, ինչը տեղի կունենա երեկրի արեւելքում ուկրաինական բանակի կողմից պաշտպանական դիրքերի վերջին կորուստների եւ դրա արդյունքում հակամարտության սառեցման հավանականության բարձրացման ֆոնին։
Ուկրաինայի ԵՄ դաշնակիցները, գրում է Bloomberg-ը, սկսել են դիտարկել պատերազմի ավարտի տարբեր սցենարներ։ Դրանք, մասնավորապես, «ներառում են անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք կպաշտպանեն Ուկրաինան եւ միեւնույն ժամանակ չեն սադրի Պուտինին»,- ասել են գործակալության աղբյուրները։ Նրանց խոսքերով՝ տարբերակներից մեկը շփման գծի մոտ ապառազմականացված գոտու ստեղծումն է, որը կվերահսկեն եվրոպացի զինվորականները։ Ավելի վաղ նման սցենարի հավանականության մասին գրել էին DW-ն եւ «Ազատություն» ռադիոկայանը։
Bloomberg-ի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ նման բանակցությունները տեղի են ունենում Ուկրաինայում փխրուն իրավիճակի եւ շուտով մեկնարկվող բանակցությունների ֆոնին:
Գործակալությունը հիշեցնում է, որ միեւնույն ժամանակ Ռուսաստանի իշխանությունները պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցելու պատրաստակամություն դեռ չեն ցուցաբերել։