Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ:
ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, հնչել են Հայաստանի եւ ԱՄՆ պետական օրհներգերը։
Հանդիպման ընթացքում Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի զինված ուժերում ընթացող բարեփոխումներից եւ նշել համագործակցության առաջնային ուղղությունները, «որոնք ուղղված են ինչպես ՀՀ զինված ուժերի կերպափոխման իրագործմանը, այնպես էլ ԱՄՆ զինված ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը՝ ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական եւ հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում եւ այլն»:
Լլոյդ Օսթինն էլ նշել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը Պենտագոն պատմական է։
Պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման համատեքստում Օսթինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների համագործակցությունը շարունակում է ընդլայնվել:
Նա նաեւ հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։
Բացի այդ՝ քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը հաստատել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը, իսկ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Օսթինը հայտնել ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին: