«Հունվարին մենք նոր վարչակազմ կունենանք, նոր ռազմավարություն եւ ԱՄՆ վաղեմի ստրատեգիական ծրագրավորումները վերանայելու պոտենցիալ շանս: Պետք է սկսել նրանից, որպեսզի ընդունենք, որ Վաշինգտոնն իրականում գործ ունի աշխարհի այլ մասերի հետ, եւ նրա հակառակորդներից եկող սպառնալիքը,- ինչպես էլ որ նրանց անվանենք,- ոչ մի տեղ չեն հեռանա: Եկել է համապատասխան պլանավորումներով զբաղվելու ժամանակը»,- գրում է Foreign Policy-ի ռազմական մեկնաբան Ռաֆայել Կոենը:
Մինչ այդ նա ներկայացնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ մտնելով՝ Միացյալ Նահանգները ծրագրավորել է միաժամանակ պատերազմ մղել թե՛ Ճապոնիայի, թե՛ ֆաշիստական Գերմանիայի դեմ: Ըստ Կոենի, որի ծավալուն հոդվածը թարգմանաբար փոխանցում է inosmi.ru-ն, փոփոխության է ենթարկվել Օբամայի նախագահության շրջանում՝ 2011 թվականին, երբ Սպիտակ տունը զինվորականներին տվել է «մեկուկես պատերազմ ծրագրելու» հանձնարարական: Ռազմավարական այդ ծրագրավորումը ենթադրում է, որ Միացյալ Նահանգները պոտենցիալ հակառակորդներից մեկի հետ կարող է լայնածավալ պատերազմ մղել, իսկ մյուսին՝ «զսպել»: Ռազմական փորձագետը գտնում է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը եւ Իրանը ռազմա-քաղաքական դաշինք են ձեւավորել, ինչը ենթադրում է, որ ԱՄՆ-ին սպասում է «երեք՝ եվրոպական, Ասիա-Խաղաղօվկիանոսյան եւ մերձավորարեւելյան ճակատներում պատերազմ»:
Ոչ մի վերլուծություն, անշուշտ, ունիվերսալ չէ, պայմանավորված է հեղինակի իմացությամբ, տեղեկացվածությամբ եւ քաղաքացիական ու քաղաքական նախասիրություններով: Ռաֆայել Կոենի դիտարկումները բացառություն չեն, բայց ուշագրավ են նրանով, որ նա փաստում է, որ Օբամայից Թրամփ, Թրամփից Բայդեն իշխանափոխությունը Միացյալ Նահանգների ռազմավարական ծրագրավորումների վերանայման չի հանգեցրել: Նա ակնկալում է, որ «համապատասխան պլանավորումներ կարվեն» արդեն Դոնալդ Թրամփի վարչակազմում: Բայց դա քաղաքական-կուսակցական նախասիրություն չէ, պայմանավորված է նոր մարտահրավերներով: Հեղինակը շեշտում է, որ վերջին քառորդ դարում Միացյալ Նահանգները ռազմական ծախսերը սառը պատերազմի դարաշրջանի համեմատ կիսով չափ կրճատել է: Այս համատեքստում ուշադրություն է գրավում այն, որ ՌԴ ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես արձագանքել է ուկրաինական կարգավորման «Թրամփի ծրագրի» մասին տարածված տեղեկատվությանը: Մոսկվան «պատրաստ է քննարկելու» այն, երբ «կներկայացնեն, բայց պետք է հաշվի առնել, որ հիմնարար սկզբունքները, որ Ռուսաստանի պաշտոնական տեսակետի հիմքում են, չեն կարող փոփոխվել»:
Ասվածը փաստացի նշանակում է, որ Մոսկվան ուկրաինական կարգավորումը շարունակում է տեսնել այն սկզբունքների հիման վրա, որ ԱԳՆ կոլեգիայի նիստում հունիսի 14-ին հնչեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ դա Ուկրաինայի կապիտուլյացիայի պահանջ է:
Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում հաղթել է՝ խոստանալով վերականգնել ԱՄՆ-ի հզորությունը: Ուկրաինայի համար քաղաքական առումով հնարավոր է «պատասխանատու նշանակել» Զելենսկուն, Եվրամիությանը կամ Ֆրանսիային եւ Գերմանիային, Թրամփը, գուցե, Եվրոպայի անվտանգությունը հասցեագրի եվրոպացիներին: Դրանից սկզբունքորեն ոչինչ չի փոխվի, որովհետեւ Ուկրաինայում Ռուսաստանը պատերազմում է Միացյալ Նահանգների դեմ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը դեկտեմբերի 4-ին հանրայնացրել է սիրիական «կարգավորման» իր տեսլականը: Եթե ամփոփ ասվի, ապա դա Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պահանջների հայելային արտապատկերումն է: Եվ որեւէ երաշխիք չկա, որ աշխարհի այլ տարածաշրջաններում նախադեպը չի կրկնվի: Ինչպես ասում են, «վատ օրինակը վարակիչ է»: …Չեմ հիշում՝ գեղարվեստակա՞ն պատկեր է, թե՞ հարցազրույցից է տպավորվել. Հրանտ Մաթեւոսյանն ասում է, որ զինվորական գործի մարդիկ ոչ միայն զորակոչային իր տարիքը, գյուղի բակապահ շան շղթան էլ գրանցած ունեն:
Ինձ Կոենի վերլուծությունը հանդիպեց, մեկ ուրիշը կկարդա այլ բան: Աշխարհի հզորների ծրագրավորումներից մամուլ է արտահոսում «բարալիկ մի շերտ»: Խորքը պիտի պետական գործիչները, ռազմագետներն իմանան: Այս ֆոնին մարդ դժվարանում է բնութագրել՝ ողբերգությո՞ւն է, թե՞ զավեշտ, երբ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորն իշխանությանը մեղադրում է, որ բանակին վիրավորել է, իսկ ՔՊ-ական գործընկերը հակադարձում է, թե «գնացեք, տեսեք ինչ փոփոխություններ են կատարվել»:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։