Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։ Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում։
Միրզոյանը, ելույթում նշելով, որ ընթացիկ տարում երկկողմ բանակցությունների շնորհիվ ստորագրվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման կանոնակարգը, եւ սահմանազատվել ավելի քան 12 կմ սահման, հույս է հայտնել, որ փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար եւ այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։
ՀՀ արտգործնախարարը նաեւ նշել է, որ Երեւանն ու Բաքուն որոշակի առաջընթաց են գրանցել երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
«Մենք համաձայնության ենք եկել համաձայնագրի նախագծի նախաբանի եւ 17 հոդվածներից 15-ի շուրջ, եւ եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել եւ ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը՝ ստորագրելու համաձայնագիրը եւ փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում»,- ասել է Միրզոյանը։
Համոզմունք հայտնելով, որ խաղաղությունն այլընտրանք չունի՝ Միրզոյանը նշել է, որ Երեւանը հաստատակամ է շարունակելու ջանքերը այդ ուղղությամբ դրված նպատակին հասնելու համար։ Նրա խոսքերով՝ Կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը վստահությունը բարձրացնելու եւ ամրապնդելու, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների ավելի լավ փոխգործակցությունը խթանելու մեծ ներուժ ունի։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ Երեւանը հավատացած է, որ երկրների հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության եւ կայունության կարեւոր մյուս ներդրումը տարածաշրջանում։
«Այս նպատակով մենք շարունակում ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ եւ իրականացնում որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կամուրջի, ինչպես նաեւ Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում: Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի եւ դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա»,- ասել է Միրզոյանը։