ԱՄՆ պետքարտուղարությունը համաձայն չէ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության այն եզրակացություններին, որ Իսրայելը միտումնավոր ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում, եւ մեղադրանքները համարում է անհիմն։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Որպես ԱՄՆ իշխանությունների եւ այս վարչակազմի ներկայացուցիչ՝ կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք հավատալ, որ ցեղասպանության մեղադրանքներն անհիմն են»,- ասել է Պատելը՝ մեկնաբանելով իրավապաշտպան կառույցի՝ նախօրեին ներայացրած զեկույցը, որով վերջինս հրեական պետությանը մեղադրում էր Պաղեստինի ժողովրդի կանխամտածված ցեղասպանության համար։ Միեւնույն ժամանակ, Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը, «իրավիճակի վերաբերյալ սեփական վերլուծությունն իրականացնելու եւ եզրակացությունների գալու իրավունք ունեն»:
«Անհատները, կազմակերպությունները, խմբերն իրավունք ունեն ինքնուրույն եզրակացություններ անելու: Միացյալ Նահանգների եզրակացությունն այն է, որ ցեղասպանության այս մեղադրանքներն անհիմն են»,- հավելել է Պատելը:
Պաշտոնյան նաեւ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու նշել է, որ ամերիկյան վարչակազմը շարունակում է գոյություն ունեցող խողովակներով ուսումնասիրել տեղում ստեղծված իրավիճակը։
Պատելը նաեւ պնդել է, որ ցեղասպանության բացահայտումների հետ անհամաձայնությունը չի փոխում Գազա հումանիտար օգնության համարժեք հասանելիությունն ապահովելու, խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկման կամ մարտերը դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ Վաշինգտոնի առաջնահերթությունները։
Հիշեցնենք՝ Amnesty International-ը ավելի վաղ հրապարակված զեկույցում հայտարարել էր, որ հրեական պետությունը ցուցադրաբար «անում է Ցեղասպանության մասին կոնվենցիայով արգելված գործողություններ՝ Գազայի հատվածում պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ»։