Անկարան մեծ ակնկալիքներ ու ցանկություն ունի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում առկա դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այդ մասին ասվում է նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո տարածված հայտարարության տեքստում։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարատեւ խաղաղության հաստատումը կբխի տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերից։
Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում հայտարարել, որ Երեւանն ու Բաքուն որոշակի առաջընթաց են գրանցել երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ «Մենք համաձայնության ենք եկել համաձայնագրի նախագծի նախաբանի եւ 17 հոդվածներից 15-ի շուրջ, եւ եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել եւ ստորագրվել»,- ասել էր Միրզոյանը։
Նշենք նաեւ, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի Հայտարարության տեքստում առաջնային տեղ է հատկացվել Սիրիայում վերսկսված հակամարտությանը։ Դրանում մասնավորապես ընդգծվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը պետք է զիջումների գնա եւ հաշվի առնի իր ժողովրդի եւ երկրի «օրինական ընդդիմության» պահանջները։ Նաեւ նշվում է, որ Թուրքիան մշտապես աջակցել է Սիրիայի տարածքային ամբողջականության ու միասնության պահպանմանը եւ պատրաստ է այդ հարցում անհրաժեշտ ներդրում ունենալու։
Ընդգծվել է, որ Անկարան պատրաստ է չեզոքացնելու ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք։ Բացի այդ` հայտարարվել է ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ այլ երկրներում «ազգային միասնությանը» սպառնացող ուժերի, մասնավորապես Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության», Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի», հանգուցյալ կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման եւ «Իսլամական պետության» դեմ պայքարելու անհրաժեշտությունը։
Հայտարարության հաջորդ կետը վերաբերում է Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ստորագրված հրադադարի պահպանմանը՝ հույս հայտնելով, որ այն հարատեւ կլինի։
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Ուկրաինայում ընթացող հակամարտությանը, դրա վրա միջազգային իրադարձությունների ազդեցությանը, անհապաղ հրադադարի եւ արդար խաղաղության հաստատման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ հակամարտության հետագա էսկալացիան կանխելու կարեւորությանը։