Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը, Աբբաս Արաղչին եւ Սերգեյ Լավրովը շաբաթ օրը հանդիպում կունենան Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Սիրիայի հակակառավարական ուժերի կայծակնային առաջխաղացումը քննարկելու համար։ Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական դիվանագիտական աղբյուրից ստացված տեղեկությանը։
Աղբյուրը նշել է, որ հանդիպումը կայանալու է Սիրիայի քաղաքացիական պատերազմը դադարեցնելուն եւ ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելուն միտված Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի դեռեւս 2017 թվականից նախաձեռնած Աստանայի գործընթացի շրջանակում։
Հիշեցնենք, որ հակամարտության ընթացքում Ռուսաստանն ու Իրանը ռազմական աջակցություն են ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որի ընթացքում վերջինիս հաջողվեց 2015-2020 թվականներին վերահսկողություն հաստատել Սիրիայի մեծ մասի վրա։ Միեւնույն ժամանակ Աստանայի գործընթացի մյուս մասնակից Թուրքիան մշտապես ռազմական աջակցություն է ցուցաբերել Սիրիայի հակակառավարական ուժերին։
Նոյեմբերի 27-ին ապստամբական ուժերի Հալեպի ուղղությամբ ձեռնարկած նոր հարձակումներից հետո Մոսկվան ու Թեհրանը հայտարարեցին, որ Աստանայի գործընթացը տապալված է՝ դրա համար փաստացի մեղադրելով Անկարային։
Երկուշաբթի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաքչիի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո հայտարարեց, որ նոր ջանքեր կգործադրվեն Աստանայի գործընթացը վերակենդանացնելու համար։