Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ Միութենական պետության անվտանգության հայեցակարգի եւ Անվտանգության երաշխիքների մասին միջպետական պայմանագիրը, որը ստորագրվելու է այսօր, ներառելու է նաեւ բոլոր ուժերի, այդ թվում՝ ռուսական միջուկային զենքի օգտագործումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում։
«Այսօր Միութենական պետության շրջանակում մենք կստորագրենք անվտանգության երաշխիքների վերաբերյալ միջպետական պայմանագիր։ Այն կարգավորում է պաշտպանության ոլորտում դաշնակցային փոխադարձ պարտավորությունները, Ռուսաստանի եւ Բելառուսի ինքնիշխանության, անկախության եւ սահմանադրական կարգի պաշտպանությունը, Միութենական պետության տարածքային ամբողջականության եւ արտաքին սահմանների անձեռնմխելիությունը, ընդ որում, ունեցած բոլոր միջոցների գործադրմամբ։ Խոսքը նաեւ ռուսական մարտավարական միջուկային զենքի մասին է, որը Բելառուսի նախագահի խնդրանքով տեղակայված է Բելառուսի Հանրապետության տարածքում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների ստորագրմամբ Մոսկվան եւ Մինսկը հասնում են ռազմական ոլորտում դաշինքի եւ գործողությունների համակարգման աննախադեպ մակարդակի։
Ըստ Լուկաշենկոյի՝ դա թույլ կտա կանխել Բելառուսի եւ Ռուսաստանի տարածքային ամբողջականության խախտումները, կպահպանի ինքնիշխանությունը եւ, ամենակարեւորը, քաղաքացիների համար կստեղծի խաղաղ կյանքի երաշխիքներ։