Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ մեկնաբանել է Սիրիայում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամական խմբավորման եւ նրա դաշնակից ուժերի վերջին հարձակումները նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական ուժերի դեմ։
Էրդողանը նոյեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունները, որոնց ընթացքում հակակառավարական ուժերը գրավել են Հալեպ եւ Համա քաղաքները, անվանել է «ընդդիմության երթ»։
«Թիրախը Իդլիբը, Համան, Հոմսը եւ, իհարկե, Դամասկոսն է։ Ընդդիմության երթը շարունակվում է։ Հուսով ենք, որ Սիրիայում այս երթը կշարունակվի առանց միջադեպերի կամ խնդիրների»,- Թուրքիայի նախագահի խոսքերը մեջբերել են Anadolu գործակալությունը եւ CNN Turk-ը։
Էրդողանը նաեւ հավելել է, որ ինքն ավելի վաղ դիմել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին իրավիճակի կարգավորման առաջարկով, սակայն «դրական պատասխան» չի ստացել։
«Մենք զանգահարել ենք Ասադին։ Մենք ասացինք. «Եկեք միասին որոշենք Սիրիայի ապագան»։ Ցավոք, դրական պատասխան չենք ստացել»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Սիրիայի կառավարական ուժերի դեմ ապստամբական ուժերը հարձակման անցան նոյեմբերի 27-ին։ Երեք օր անց հայտնի դարձավ, որ իսլամական խմբավորումները լիակատար վերահսկողության տակ են վերցրել Հալեպը։ Դեկտեմբերի 5-ին էլ հայտնի դարձավ, որ Սիրիայի բանակը դուրս է բերվել Համա քաղաքից՝ «զոհերից եւ ավերածություններից» խուսափելու պատճառաբանությամբ։
Հակակառավարական ուժերի եւ Սիրիայի կառավարության միջեւ 2020 թվականին հաստատված հրադադարից հետո սա ամենախոշոր ռազմական բախումն է։