Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները դեկտեմբերին այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայերին։ Այդ մասին APA գործակալությանն ասել է ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Անցկացվել են անհատական հանդիպումներ կալանավորների հետ, եւ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։
APA-ի հրապարակման մեջ այլ մանրամասներ չեն նշվում, չի նշվում նաեւ ԿՄԽԿ-ի կալանավորներին այցելության ժամանակահատվածը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսվելուց հետո գերեվարվել է 16 անձ, որոնց թվում են եղել նաեւ արցախցի 8 պաշտոնյաներ՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։