Սիրիական հակակառավարական ռազմականացված խմբավորումները «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմավորման գլխավորությամբ նոյեմբերի 27-ին լայնածավալ հարձակման անցան Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Դեկտեմբերի 1-ին հայտարարվեց Սիրիայում մեծությամբ երկրորդ եւ հայաշատ Հալեպ քաղաքի ամբողջական գրավման մասին։
Հայտնի է, որ այս ուղղությամբ հարձակմանը մասնակցել են նաեւ «Հայաթ Թահրիր ալ-Շամին» դաշնակից համարվող իսլամական ռազմականացված այնպիսի կազմավորումներ, ինչպիսիք են «Հարաքաթ Ահրար ալ-Շամը», «Ջեյշ ալ-Իզզան» եւ «Ֆայլաք ալ-Շամը»։ Այս նույն ժամանակահատվածում արդեն հյուսիսային շրջաններից հարձակումը զարգացրել էին 2017 թվականից Թուրքիայի ֆինանսական եւ ռազմական աջակցությամբ ստեղծված առավել ազգայնական տրամադրություններ ունեցող «Սիրիայի ազգային բանակի» գրոհայինները, որոնց թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջան տեղափոխված «Սուլթան Մուրադ» եւ «Համզա» կոչվող դիվիզիաների ստորաբաժանումները։
Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում կառավարական ուժերի պաշտպանական ճակատի փլուզման ֆոնին հարձակման են անցել նաեւ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որոնք կարողացել էին վերահսկողություն սահմանել Դեյր Հաֆիր, Թել Արան, Թել Հասել քաղաքների եւ Հալեպի Շեյխ Նաջար թաղամասի վրա: Սակայն դեկտեմբերի 2-ին հաղորդվեց, որ ապստամբներին այնուամենայնիվ հաջողվել էր քրդական ուժերին դուրս մղել գրաված դիրքերից, այդ թվում Հալեպ քաղաքից եւ դրան հարակից որոշ շրջաններից։
Նախօրեին՝ դեկտեմբերի 5-ին էլ հայտնի դարձավ, որ հարավային ճակատում ապստամբները կարողացել էին մի քանի օր տեւած մարտերից հետո ճեղքել սիրիական բանակի պաշտպանությունն ու վերահսկողություն հաստատել Համայի վրա, որը բնակչության թվաքանակով Սիրիայի հինգերորդ քաղաքն է։ Այժմ էլ տեղեկություններ են հայտնվել, որ չնայած ռուսական ու սիրիական ավիացիայի հարվածներին՝ հակակռավարական ուժերը արդեն մոտեցել են Սիրիայում մեծությամբ երրորդ քաղաք համարվող Հոմսի հյուսիսային արվարձաններին։
Դեկտեմբերի 6-ի դրությամբ իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ ամբողջ Սիրիայի տարածքում։ Համացանցում տեղեկություններ են շրջանառվում երկրի հարավային Դարա քաղաքի հարակից շրջաններում բռնկված հակակառավարական ապստամբության մասին։
Իրադարձությունների այսպիսի կտրուկ զարգացումների համատեքստում դեռեւս դեկտեմբերի 3-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիների եւ ազգությամբ հայ բնակչության անվտանգ տարհանման հնարավորություն ներկա պահին չկա, իսկ հյուպատոսությունը մնացած բոլոր հարցերով գործում է մայրաքաղաք Դամասկոսից։
Ամենակարեւոր հարցերից մեկը, որն այժմ առաջ է գալիս, այն է, թե ինչ խմբավորում է Հալեպի եւ Հոմսի ուղություններով հարձակման գլխավոր ուժ համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (կամ «Սիրիայի ազատագրության կազմակերպություն») կազմավորումը, ինչպես է այն կազմավորվել եւ ինչ նպատակներ է հետապնդել Սիրիայի քաղացիական պատերազմի տարիներին։
Ինչ կառույց է «Հայաթ Թահրիր ալ-Շամը», եւ ինչպես է այն ձեւավորվել
Կառույցի կազմավորման արմատները հասնում են 2011 թվական, երբ Սիրիայում սկիզբ առավ քաղաքացիական պատերազմը։
Այդ ժամանակ Իրաքի տարածքից Սիրիայի արեւելյան շրջաններ էին սկսել ներթափանցել «Ալ-Կաիդայի» իրաքյան ենթաճյուղ «Ջամաաթ ալ-թահուիդ վա ալ-ջիհադ» կազմակերպությունից անջատված, այսպես կոչված, «Իրաքի իսլամական պետության» փորձառու ջիհադիստները։ Սիրիայում նրանք Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի գլխավորությամբ ձեւավորել էին «Ջաբհաթ ալ-Նուսրա» կամ «Ալ-Նուսրայի ճակատ» կոչվող կազմավորումը, որի նախնական նպատակը սիրիական բանակի դեմ զինված պայքար ծավալելն էր, կողմնակիցների հավաքագրումը եւ հնարավորինս շատ տարածքներ վերահսկողության տակ վերցնելը։
Կարճ ժամանակում այս նոր կառույցը դարձավ ապստամբների ամենաարագ զարգացող, ազդեցիկ եւ ագրեսիվ խմբավորումներից մեկը։ Այդ մասին վկայում է այն հանգամանքը, որ Սիրիայում հակամարտության սկզբից մինչեւ 2013 թվականի հունիսի սկիզբը իրականացված 70 մահապարտ հարձակումներից միայն 57-ի պատասխանատվությունը ստանձնել է հենց «Ջաբհաթ ալ-Նուսրան»։
Գաղափարախոսության առումով այդ կառույցը ավելի շուտ հարում էր իսլամի սունի ուղղության Սալաֆիյահ (السلفية թարգմանաբար՝ նախնիներ) ճյուղին, որը հիմնականում քարոզում է վերադարձ դեպի վաղ մուսուլմանական համայնքի եւ «բարեպաշտ նախնիների» ապրելակերպին, նրանց ավանդույթներին (խոսքը Մուհամմադ մարգարեի, նրա ուղեկիցների սերնդի ու նրանց հաջորդող երկու սերունդների մասին է)։ Սալաֆիյահը կտրականապես մերժում է իսլամի կրոնաիրավական հիմնական աղբյուրների՝ Ղուրանի եւ Մուհամմադ մարգարեի կյանքի մասին պատմող ավանդազրույցների խորհրդանշական-այլաբանական մեկնաբանությունները, ինչպես նաեւ մուսուլմանական հասարակության մեջ Արեւմուտքի հետ պատմական շփումների արդյունքում ներդրված ցանկացած նորամուծություն: Այս նպատակների իրականացման համար ուղղության ներկայացուցիչները թույլատրելի են համարում ինչպես քարոզչական գործունեությունը, այնպես էլ զինված պայքարը՝ «սրի ջիհադը»։
«Ջաբհաթ ալ-Նուսրան» Սիրիայում իր գործունեության գլխավոր նպատակներից մեկը հետագայում հայտարարել էր հենց ռազմական ճանապարհով նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալումը եւ զուտ իսլամական օրենքներով՝ շարիաթով կառավարվող ամիրայության կազմավորումը, որոնք նույնական էին այն նպատակների հետ, որոնց Իրաքում ձգտում էր «Իրաքի իսլամական պետությունը»։ Սակայն ուժերն ու գործունեությունը մեկ կառույցի մեջ միավորելու եւ համաիսլամական խալիֆայություն ձեւավորելու համար իրաքյան թեւի ճնշումներին ի պատասխան «Ջաբհաթ ալ-Նուսրան» հակադիր քայլի գնաց եւ 2013-ին իր հավատարմությունը հայտնեց անմիջապես «Ալ-Կաիդային»։
Մինչ 2016 թվականը կառույցը դաշնակցում էր Սիրիայի կառավարության դեմ պայքարող մեկ այլ իսլամական ռազմականացված կազմավորման՝ «Ահրար ալ-Շամի» հետ։ Սակայն այս իրավիճակը նույնպես երկար չտեւեց։ «Ահրար ալ-Շամի» առավել իսլամական եւ քիչ ազգային հայացքներ ունեցող «Ջեյշ ալ-Ահրար» խմբավորման առաջնորդ շեյխ Աբու Ջաբերը հաճախ էր սկսել քննադատել «Ջաբհաթ ալ-Նուսրային» «Ալ-Կաիդայի» հետ ունեցած կապերի համար՝ պնդելով, որ այն խանգարում է Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ ծավալված «ժողովրդական ջիհադին» եւ ձգտում իր վերահսկողության ներքո միավորելու իսլամական ռազմականացված շարժումները տեղական չափավոր եւ ազգայնական տրամադրված ապստամբական ուժերի հետ։ Այս քննադատությունների ֆոնին եւ կառույցը առավել տեղային պայքար ծավալողի վերածելու շուրջ «Ալ-Կաիդայի» հետ ծավալված երկարատեւ քննարկումներից հետո Ալ-Ջուլանին 2016-ի հուլիսի 22-ին հայտարարեց կառույցի հետ կապերը խզելու մասին։
Հայտարարությունից հինգ օր անց հակիրճ աուդիո հայտարարության մեջ «Ալ-Կաիդայի» ներկայացուցիչ Աբու ալ-Խայր ալ-Մասրին կազմակերպության օրհնությունը տվեց «Ջաբհաթ ալ-Նուսրային»՝ իր հետ կապերը խզելու համար: Ուղերձի վերջում ներառվել էր նաեւ «Ալ-Կաիդայի» այդ ժամանակվա առաջնորդ Այման ալ-Զավահիրիի նախկինում չհրապարակված ձայնագրությունը, որում շեշտվում էր, որ «անհրաժեշտության դեպքում պետք է զոհաբերվեն կազմակերպչական կապերը, եթե դա պահանջում է [Սիրիայում գործող խմբավորումների] միասնությունը եւ նրանց մեկ շարքում կանգնած լինելը»։ Սրանով տպավորություն էր ստեղծվում, որ Զավահիրին անձամբ էր թույլատրել այդպիսի քայլը։
Կարճ ժամանակ անց Ալ-Ջուլանին նաեւ հայտարարեց «Ջաբհաթ ալ-Նուսրայի» լուծարման եւ «Ջաբհաթ ֆաթահ ալ-Շամ» կազմակերպության ձեւավորման մասին։ Սրան արագորեն հաջորդեց «Ալ-Կաիդայի» հետ կապերի վերաբերյալ կառույցի պաշտոնական հերքումը։
«[Մինչ այս փոփոխությունը «Ջաբհաթ ալ-Նուսրան»] «Ալ-Կաիդայի» պաշտոնական ճյուղն էր: Մենք զեկուցել ենք նրանց կենտրոնական հրամանատարությանը եւ աշխատել ենք նրանց շրջանակներում։ Մենք հավատարիմ ենք եղել նրանց քաղաքականությանը: «Ջաբհաթ ֆաթահ ալ-Շամի» կազմավորմամբ մենք լիովին անկախ դարձանք։ [․․․] Երբ մենք «Ալ-Կաիդայի» մաս էինք, մեր հիմնական քաղաքականությունը սիրիական խնդրի վրա կենտրոնացումն էր: Դա եղել է մեր քաղաքականությունը նախկինում, եւ դա կլինի մեր քաղաքականությունն այսօր եւ կլինի վաղը»,-ասվում էր տարածված հայտարարության մեջ։
Արդեն 2017 թվականի սկզբին Իդլիբ նահանգում որոշ գաղափարական եւ կազմակերպչական հարցերի շուրջ տարաձայնությունները հանգեցրել էին «Ջաբհաթ ֆաթահ ալ-Շամի» եւ նրա դեմ պայքարող տարբեր իսլամական ռազմական խմբավորումների բախմանը։ Այդ իրադարձությունների ընթացքում՝ նույն տարվա փետրվարին, շեյխ Աբու Ջաբերի «Ջեյշ ալ-Ահրար» խմբավորումը հայտարարեց «Ահրար ալ-Շամից» անջատվելու եւ «Ջաբհաթ ֆաթահ ալ-Շամի» հետ միավորվելու մասին։ Այս նոր միավորումը կոչվեց «Հայաթ Թահրիր ալ-Շամ», որին որոշ ժամանակ անց միացան Սիրիայում գործող եւս մի քանի այլ խմբավորումներ (ինչպիսիք էին «Ջաբհաթ Անսար ալ-Դինը», «Ջեյշ ալ-Սուննան», «Լիվա ալ-Հաքք» եւ «Հարաքաթ Նուր ալ-Դին ալ-Զենկին»)։
Նոր խմբավորման կազմավորման մասին հայտարարության մեջ, որն ընթերցել էր հենց շեյխ Աբու Ջաբերը, ընդգծվում էր, որ այն ստեղծվել է սիրիական «հեղափոխության նվաճումները եւ հազարավոր նահատակների արյունով ազատագրված հողը պաշտպանելու» համար։ Դրանում պնդում էր արվում, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամը» «համարվում է անկախ կազմակերպություն եւ շարունակությունը չէ նախկին կազմավորումների ու ֆրակցիաների»։ Շեյխի Աբու Ջաբերի հայտարարության համաձայն՝ դրա փոխարեն «տեղի էր ունեցել միաձուլում, որի ընթացքում բոլոր ֆրակցիաներն ու տիտղոսները լուծարվել եւ կազմաքանդվել էին»։ Որպես նոր կազմավորման գլխավոր նպատակ՝ հայտարարության մեջ նշվում էր Բաշար ալ-Ասադի վարչակազմի դեմ «ժողովրդական ջիհադի» մղումը մինչ դրա վերջնական տապալումը։
Նման տողերով շեյխ Աբու Ջաբերը այդ ժամանակ ձգտում էր ընդգծելու, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամը» այսուհետեւ չպետք է համարվեր «Ալ-Կաիդայի» սիրիական ենթաճյուղ, դուրս է իր երբեմնի մայր կառույցի համաիսլամական պայքարի ուղուց եւ կենտրոնացած է Սիրիայում ընթացող գործընթացի վրա։ Ավելին՝ այս նպատակով Ալ-Ջուլանիի գլխավորությամբ անգամ ձեւավորվեց «Սիրիայի փրկության կառավարությունը», որով փաստացի ռազմականացված ընդդիմության առաջնորդության հավակնություններ էին ներկայացվում, եւ փորձ էր արվում աշխարհի առջեւ մաքրելու ահաբեկչական կազմավորման հետ նախկին կապերի հետքերը։
2017-2019 թվականներին «Հայաթ Թահրիր ալ-Շամը» սկսել էր անգամ հետապնդել եւ ճնշումներ գործադրել «Ալ-Կաիդայի» համախոհների նկատմամբ, ինչպես նաեւ մի շարք ռազմական հարձակումներ իրականացնել Սիրիայում եւ Իրաքում մեծ տարածքներ զավթած եւ երբեմնի դաշնակից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ։
Այս նույն ժամանակահատվածում խմբավորումը նաեւ ակտիվ մարտեր էր մղում Սիրիայի բանակի, նրան աջակցող շիական «Հեզբոլլահ»-ի եւ Իրանի կողմից հավաքագրված այլ աշխարհազորային ուժերի դեմ։ Զուգահեռաբար սիրիական կառավարական ուժերին ակտիվ օդային աջակցություն էին ցուցաբերում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչները։
Ընդգծենք, որ ռազմական նման լայն օգնության շնորհիվ Բաշար ալ-Ասադին հաջողվել էր վերականգնել 2013 թվականից կորցրած դիրքերը եւ Հալեպ քաղաքի բոլոր թաղամասերից եւ հարակից շրջաններից դուրս մղել ապստամբական ուժերին՝ նրանց շրջափակելով Իդլիբ նահանգի տարածքում։
Սիրիայի կառավարությունը այսպիսի հաջողությունների ֆոնին 2016 թվականի դեկտեմբերի 29-ին զինված ընդդիմության հետ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրեց, որի պահպանման երաշխավորներ էին հանդես եկել Ռուսաստանն ու Թուրքիան։ Այդ ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ասադի կառավարության հետ հրադադար ստորագրել են ապստամբական յոթ ուժեր։ Սիրիայի կառավարության հայտարարության համաձայն՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը չէր տարածվել միայն «Ջաբհաթ ֆաթահ ալ-Շամի» եւ «Իսլամական պետության» վրա։
Արդեն 2017 թվականի վերջին Սիրիայի բանակի սկսած նոր հարձակման հետեւանքով Դամասկոսին հաջողվել էր վերահսկողություն հաստատել Սիրիայի տարածքի մեծ մասի վրա։ 2020 թվականին Թուրքիան եւ Ռուսաստանը՝ Անկարայի նախաձեռնությամբ, հրադադարի մասին նոր համաձայնագիր կնքեցին, որի գլխավոր նպատակը Իդլիբի վրա վերահսկողությունը վերականգնելուն ուղղված սիրիական կառավարության ջանքերը դադարեցնելն էր, որին ձգտում էր թուրքական կողմը: Սա հանգեցրել էր ռազմական գործողությունների երկարատեւ դադարին: Սրա արդյունքում «Հայաթ Թահրիր ալ-Շամը» իր դաշնակից մյուս ուժերի հետ Իդլիբում փաստացի սկսեց ձեւավորել ռազմական ու քաղաքական վարչակազմ, վերակազմավորվել եւ համալրել ռազմական գործողությունների ընթացքում կրած կորուստները։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում՝ մինչեւ նշյալ հրադադարը, զոհվել է ավելի քան 300 հազար խաղաղ բնակիչ։
Ինչու սիրիական հակակառավարական ուժերի նոր հարձակումը սկսվեց հիմա
Սա կարող է կապված լինել նոյեմբերի 26-ին լիբանանա-իսրայելական սահմանին հրադադարի հաստատման հետ, որը ստորագրվել էր, մի կողմից, Իսրայելի իշխանությունների, մյուս կողմից՝ շիական «Հեզբոլլահ» շարժման եւ Լիբանանի կառավարության միջեւ։
Մեծ հավանականությամբ թե՛ «Հայաթ Թահրիր ալ-Շամի» եւ թե՛ հարձակման անցած այլ ուժերի հրամանատարության հաշվարկներում եղել է այն հեռանկարը, որ Բաշար ալ-Ասադին ցամաքային գործողությունների ժամանակ նախկինում մեծ աջակցություն ցուցաբերած «Հեզբոլլահը» այժմ թուլացած վիճակում է եւ Իսրայելի հետ վերջին պատերազմից հետո դեռ վերակազմավորվելու կարիք ունի, հետեւաբար նման պարագայում հազիվ թե առաջիկայում շիական կազմավորումը ունակ լինի Դամասկոսի համար ցանկալի ռազմական աջակցություն ապահովելու։
«Հեզբոլլահի» վերականգնմամբ ծանրաբեռնված կարող է լինել նաեւ Ասադի մյուս առանցքային դաշնակից Իրանը։ Բացի այդ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Սիրիայում տեղակայված ստորաբաժանումները վերջին ամիսներին բազմիցս էին ենթարկվել իսրայելական ավիացիայի հարվածներին, որոնք իրականացնելով՝ հրեական պետությունը նպատակ է ունեցել խաթարելու «Հեզբոլլահի» վերազինման եւ մատակարարման գործընթացները՝ զուգահեռաբար թուլացնելով իր սահմանների մոտ իրանական ներկայությունը։ Միեւնույն ժամանակ տեղեկություններ էին հայտնվել, որ Ասադի կառավարության տապալումը կանխելու համար Իրանը Իրաքի դաշնակից կառավարության հետ սկսել է շիական աշխարհազորային ուժեր տեղակափոխել Սիրիայի տարածք, որոնք, ամենայն հավանականությամբ, պատրաստվում են փոխարինելու «Հեզբոլլահին»։ Սակայն, թե որքան արդյունավետ կարող են լինել այս ուժերը, այնքան էլ հստակ չէ։
Մյուս կողմից՝ հարձակման ժամանակահատվածի ընտրության համար գործուն նշանակություն կարող է ունենալ նաեւ Սիրիայի կառավարական ուժերին 2015-2020 թվականներին մեծ աջակցություն ցուցաբերած ռուսական ավիացիայի՝ այժմ ուկրաինական հակամարտության մեջ ներգրավվածությունը։ Հասկանալի է, որ այսպիսի պայմաններում հազիվ թե ռուսական ուժերը կարողանան նախկինի նման մեծ աջակցություն ցուցաբերել ցամաքում հարձակվող կամ պաշտպանվող սիրիական բանակին ու աշխարհազորայիններին։
Մեկ այլ պատճառ կարող է լինել նաեւ Թուրքիայի գործոնը, որը, ինչպես արդեն նշեցինք, ապստամբների հիմնական աջակիցն էր։ Վերջին ամիսներին Անկարան տարբեր մակարդակներով բազմիցս էր սկսել Սիրիայի իշխանություններին հարաբերությունների վերականգնմանն ուղղված կոչեր ուղղել, որոնց Ասադը բացասական պատասխան էր տվել՝ պահանջելով դադարեցնել ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունն ու թուրքական զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից։ Սրա մասին դեկտեմբերի 6-ին բացեիբաց հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հույս հայտնելով, որ ապստամբները անխոչընդոտ կշարունակեն իրենց երթը դեպի Դամասկոս։
Հարց է նաեւ, թե ինչի դիմաց է Թուրքիան Ասադի կառավարությանը նման առաջարկներ ներկայացրել։ Մեծ է հավանականությունը, որ այս դեպքում Անկարան ոչ թե առաջարկներ է ներկայացրել, այլ իր առաջ քաշած տարբերակներով կարգավորումից հրաժարվելու դեպքում հստակ վերջնագիր է ներկայացրել։
Այսպիսով՝ ակնհայտ է մնում, որ Սիրիայի կառավարության համար իրավիճակը շարունակում է օրհասական մնալ։ Համայի գրավումով ապստամբներն այժմ կարող են ինչպես ուղիղ սպառնալիքներ ստեղծել Հոմսի անկման, այնպես էլ անմիջապես մայրաքաղաք Դամասկոսի համար։ Պատճառն այն է, որ երկրի կենտրոնական հատվածներից «Հայաթ Թահրիր ալ-Շամը» կարող է սիրիական անապատներով կապ ստեղծել Հորդանանի սահմանին գտնվող Ալ-Տանֆը վերահսկող «Սիրիայի ազատ բանակի», ապա նաեւ Դարայի շրջանի ապստամբական ուժերի հետ եւ հարվածել արդեն մայրաքաղաքին։
Զուգահեռաբար «Հայաթ Թահրիր ալ-Շամը» փորձում է բարելավել իր միջազգային կերպարը։ Չնայած այն մտավախություններին, որ իսլամական ահաբեկչական կառույցից սերված այս միավորումը կարող էր Հալեպի գրավումով սպառնալիքներ ստեղծել խաղաղ բնակչության համար, հանկարծ Ալ-Ջուլանին քաղաքի անկումից հետո մի հայտարարություն տարածեց, որտեղ իր ստորաբաժանումներին կոչ էր անում ապահովել բնակչության կյանքի ու գույքի անվտանգությունը։
«Մարտի դաշտում մեր բոլոր հերոս մուջահիդներին։ Կոչ ենք անում ձեզ գթասրտություն, բարություն եւ հանդուրժողականություն ցուցաբերել Հալեպ քաղաքի մեր ժողովրդի նկատմամբ։ Թող ձեր առաջնահերթությունը լինի նրանց ունեցվածքի եւ կյանքի պահպանումը, ինչպես նաեւ քաղաքում անվտանգության ապահովումը: Մի՛ հատեք ծառերը, մի՛ վախեցրեք երեխաներին եւ վախ մի՛ սերմանեք տարբեր կրոններին հետեւող մարդկանց մեջ։ […] Այսօր կարեկցանքի օր է. ով մտնում է իր տուն, փակում է դուռը եւ զերծ է մնում թշնամությունից, ապահովության մեջ կլինի։ Նա, ով հայտարարի իր հեռացումը հանցավոր ռեժիմից, վայր դնի զենքերը եւ հանձնվի հեղափոխականներին, նույնպես ապահովության մեջ կլինի»,- ասվում էր այդ հայտարարության մեջ։
Համանման մի հայտարարություն էլ տարածվել էր դեկտեմբերի 5-ին՝ Համայի գրավումից հետո։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։