36 տարի առաջ այս օրը Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, հարյուրավոր գյուղեր ու բնակավայրեր։
Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազարը:
Երկրաշարժի՝ մինչ օրս ակնհայտ երևացող հետևանքների, բնակֆոնդի, բնակիչների պատրաստավածության և այլ հարցերի շուրջ զրուցել ենք սեյսմիկ պաշտպանության ոլորտի մասնագետ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հետ:
Պարոն Նազարեթյան, մեր զրույցը սկսենք այս օրերին բնակիչներին ամենահետաքրքրող հարցով. վերջերս հաճախակիացել են 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժերը: Ինչպիսի՞ն է Հայաստանի երկրաբանական վիճակը, արդյո՞ք այս պահին հանգիստ է մեր երկրի ընդերքը, կա՞ մեծ երկրաշարժի հավանականություն:
Սեյսմիկ վիճակը նորմայի սահմաններում է, լինում են թույլ երկրաշարժեր՝ հիմնականում Սպիտակի գոտում, դեռ հետցնցումային գործընթացները չեն ավարտվել: Կան նաև ցրված տեկտոնական շարժումներ հանրապետության տարբեր հատվածներում, դրանք թույլ են կամ միջին: Արտառոց բաներ չկան սեյսմիկ ֆոնում, այս պահին անհանգստանալու հիմքեր չկան:
Սպիտակի երկրաշարժը, բացի մարդկային մեծ կորստից, ոչնչացրեց նաև Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրու բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը: Արդյո՞ք հնարավոր էր, որ նույն ուժգնությամբ երկրաշարժը նման հետևանք չունենար, թե՞, այնուամենայնիվ, բնության արհավիրքի դեմ ոչինչ անել չէինք կարող:
1988-ի աղետը ցույց տվեց, որ Խորհրդային Հայաստանն ուներ լուրջ հիմնախնդիրներ սեյսմիկ անվտանգության բոլոր ոլորտներում: Ո՛չ մի տեղ չկար, որ բացթողում չլիներ՝ սկսած տարածքների սեյսմիկ վտանգների գնահատումից, ինչը պետք է թույլ տար նախագծողին սեյսմիկ վտանգին համահունչ նախագծել, վերջացրած շինարարական անորակությունից, բնակարանների անարգել, ապօրինի ձևափոխություններից, կենսապահովման գծերի՝ երկաթգծերի, գազատարների, էլեկտրահաղորդման գծերի՝ սահմանված նորմերին չհամապատասխանող մոնտաժումից:
Աղետին անպատրաստ էին թե՛ իշխանությունները, թե՛ բնակիչները: Վտանգը թերագնահատելու պատճառով ունեցանք 25000 զոհ, որից 17000-ը՝ Գյումրիում, և շուրջ 20 միլիարդ դոլարի նյութական վնաս:
Անցած արհավիրքից դասեր քաղեցի՞նք, այսօր ի՞նչ է փոխվել մեր գործելաոճում:
Այո՛, դասեր քաղեցինք, բայց, ցավոք, աղետն իր ամբողջ հետևանքներով անձամբ մեր մաշկի վրա զգալուց հետո: Աղետներին դիմակայելու գործուն քայլերից առաջինը Կառավարությանն առընթեր սեյսմիկ ծառայության ստեղծումն էր, որը կարճ ժամանակում մեծ հաջողություններ ունեցավ: 1998 թվականին Հայաստանի սեյսմիկ ծառայությունն արժանացավ ՄԱԿ-ի տարերային աղետների դեմ պայքարի Սասակավայի բարձրագույն մրցանակին:
Ի՞նչ փոխեց սեյսմիկ ծառայություն ունենալը. նախ վերագնահատվեց տարածաշրջանի սեյսմիկ վտանգը, որը թերագնահատված էր մինչև 1989-ը: 1937 թվականին Հայաստանում վտանգը գնահատված էր 6, առավելագույնը՝ 7 բալ: 1988-ի երկրաշարժից հետո բարձրացվել էր՝ հասնելով 8-ի: Բայց այսօր վտանգի գնահատումն արված է շատ ռեալ՝ 9-10 բալ: Վտանգը թերագնահատելու պատճառով էր, որ շենքերը խոցելի էին, ոչ ճիշտ նախագծված:
Որ վտանգի գնահատվածությունը հասցվել է առավելագույնին, շատ լավ է, բայց շինարարական ընկերությունները որքանո՞վ են պահում սեյսմիկ վտանգավորության առավելագույն շեմի համար սահմանված նորմերը, կա՞ վերահսկողություն, թե՞ թողնված է շինարարի «խղճին»:
Հիմա Հայաստանում շինարարությունն ընթանում է հիմնականում երեք ուղղությամբ՝ դպրոց-մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների և բազմաբնակարանների:
Վստահաբար, մասնագիտորեն կարող եմ պնդել, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը համապատասխանում է այսօրվա բոլոր չափորոշիչներին: Աղետից հետո կառուցված դպրոցները նույնպես սեյսմակայուն են:
Չմոռանանք, որ դպրոց-մանկապարտեզների անորակ շինարարությունը պատճառ դարձավ, որ Գյումրիում 1988-ին միայն դպրոցներում 2000 երեխա զոհվեց: Այդ դպրոցներն ընդամենը 2, առավելագույնը 3-հարկանի էին, և անգամ ամենահզոր երկրաշարժի դեպքում նման կորուստներ չպետք է ունենայինք:
Նույն պատկերն էր նաև հիվանդանոցներում, որտեղ ևս մեծ քանակով զոհեր ունեցանք: Այժմյան կառուցված և կառուցվող բժշկական կենտրոններում խնդիրը լուծված է սեյսմիկ անվտանգության տեսակետից: Եթե կլինեն մարդիկ, որ կհակադարձեն, ասեմ, որ իմ խոսքը չի վերաբերում կոսմետիկ, ներքին հարդարումներին, խոսքս կառույցի ամրությանն է վերաբերում:
Գալով օր օրի թափ հավաքած բազմաբնակարան շենքերի շինարարության որակին՝ վստահաբար ոչինչ պնդել չեմ կարող, որոշակի խնդիրներ եմ տեսնում: Երևանում կառուցվում են 800 բազմաբնակարաններ, վերջերս էլ շինարարությունը տեղափոխվել է հանրապետության այլ քաղաքներ ևս: Սրանք տիպային շենքեր չեն, հիմնականում մոնոլիտ-կարկասային են, որոնց որակի մասին խոսելը դժվար է: Բազմաթիվ շինարարական ընկերություններ են աշխատում, և ամեն մեկն ունի շինարարության իր չափանիշերը: Կոնստրուկտիվ որակը պահպանվում է, բայց չգիտենք՝ որքանով:
Երկրաշարժից հետո կառուցված շենք-շինությունները սեյսմակայուն են, բայց ի՞նչ անենք Խորհրդային Միությունից ժառանգած՝ հատկապես խիտ բնակեցված մայրաքաղաքի անորակ շենքերի հետ, որքանո՞վ է դրանց շահագործումն անվտանգ, և արդյո՞ք նոր երկրաշարժերի դեպքում դրանք ևս մեծ կորուստների պատճառ չեն դառնա:
Տարիներ առաջ Կառավարության կողմից ինձ հանձնարարված էր ուսումնասիրել Երևանի 5 և բարձր հարկանի շենքերի սեյսմիկ վիճակը: Ըստ այդ ուսումնասիրությունների՝ 9 տիպի շենքերից 4-ը սեյսմակայունության լուրջ խնդիրներ ունեն, հատկապես կարկասայինները: Գյումրիում նույն այդ շենքերի 85 տոկոսն ամբողջությամբ ավերվեցին 1988-ին, 15 տոկոսն էլ լիովին քանդման ենթակա էին: Նման 250 շենք կա Երևանում: Այսօր մայրաքաղաքում շուրջ 1000 շենք չի համապատասխանում նորմերին: Դրանք հիմնականում 1955-1980-ականներին կառուցվածներն են՝ խիստ անորակ:
Լուծման ուղիներ կան, բայց խիստ ծախսատար են. հաշվարկված է, որ 6-8 միլիարդ դոլար է պետք մայրաքաղաքի 1000 շենքի խնդիրը լիարժեք լուծելու համար:
Գյումրիո՞ւմ որքան են սեյսմիկ նորմերին անհամապատասխան, բայց բնակեցված շենքերի թիվը, ի՞նչ վտանգ են ներկայացնում բնակիչների համար:
Չզարմանաք, բայց այսօր Գյումրին սեյսմիկ անվտանգության առումով Հայաստանի ամենաանվտանգ քաղաքն է: Ինչը ամուր չէր, փլուզվել է, նորերն էլ նոր նորմերով են կառուցվել: Քաղաքում ունենք 92 շենք 3-րդ, 14-ն էլ 4-րդ կարգի վթարային բազմաբնակարաններ: Այսպիսի շենքեր Հայաստանում շատ կան: Եթե շենքը գնահատվել է 3-րդ և բարձր աստիճանի, այստեղ անվտանգ շահագործում չի երաշխավորվում: Սակայն դա չի նշանակում, որ երկրաշարժից վթարայիններն անմիջապես կփլուզվեն, հողին կհավասարվեն, բայց այդտեղ ապրելու ռիսկը մեծ է:
Պատրա՞ստ ենք դիմակայելու նոր երկրաշարժի:
Ասածս հոռետեսություն չէ, զուտ մասնագիտական ճշմարտություն՝ երկրաշարժ պարտադիր կլինի. երբ՝ հայտնի չէ, բայց կլինի: Եթե խոսենք պատրաստվածությունից, վստահաբար, աղետի գոտու բնակիչներն ավելի լավ են պատրաստված, տեսել են, գիտեն դրա ռիսկերն ու հաղթահարման ձևերը:
Բացի բնակիչների գիտելիքներից՝ այսօր նաև լավ փրկարար ծառայություն ունենք, բժիշկների պատրաստվածությունն էլ անհամեմատ բարձր է, քան 1988-ին էր:
Ըստ Ձեզ՝ Գյումրին իրո՞ք աղետի գոտուց վերածվել է զարգացման գոտու, հաղթահարե՞լ ենք աղետի հետևանքները:
Տարիներ առաջ մի քանի պետական պաշտոնյա ասացին, որ Գյումրին էլ աղետի գոտի չէ, բայց թե ինչու, երևի իրենք էլ չգիտեն:
Միայն բնակարան կառուցելով աղետի գոտի չես վերականգնի, բոլոր ոլորտներն էին խաթարված, որոնք դեռ վերականգնված չեն. այսօր շուրջ 60 վթարային պատմաճարտարապետական կառույցներ ունենք, ազգային արժեք ներկայացնող շենք-շինություններ են քայքայվում աչքերիս առաջ: Այդպես էլ չվերականգնվեց քաղաքի կոյուղին, և այսպիսի բազմաթիվ օրինակներ կան: Լուրջ մարդը չի կարող ասել, թե աղետի հետևանքները վերացված են Գյումրիում:
Գալով անօթևանության խնդրին՝ ասեմ, որ թեև աղետի հետևանքով 21 հազար ընտանիք է տուն է կորցրել, բայց կառուցվել ու բաշխվել է 23 հազարը: Անօթևանության խնդրի վերջնական չլուծվելու պատճառը վերականգնման պրոցեսի ձգձգումն էր, ինչն անկառավարելի է դարձրել անօթևանության հարցը: Թեև բավարար չափով տներ կառուցվեցին, բաժանվեցին, բայց այսօր Գյումրիում տնակները հազարավոր են, անօթևանները՝ նույնպես:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։