Ադրբեջանում նախօրեին ձերբակալվել են ընդդիմադիր Meydan TV-ի աշխատակիցներ Այնուր Էլգյունեշը, Այթաջ Թափդիգը, Խայալյա Աղաեւան, Նաթիգ Ջավադլին, Այսել Ումուդովան, ինչպես նաեւ անկախ լրագրող եւ թղթակից Ռամին Դեկոն։
Բեռլինում գործող ադրբեջանական լրատվականը գրում է, որ իր աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.3.2-րդ հոդվածով, այսինքն՝ մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Լրագրող Խայալի Աղաեւայի փաստաբան Նազիմ Մուսաեւի խոսքով՝ լրագրողը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա պնդում է, որ ձերբակալվել է իր լրագրողական գործունեության համար։
Առաջին լրագրողի՝ Ռամին Դեկոյի կալանավորման մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 6-ի կեսօրին։ Նույն օրը մի քանի ժամ հնարավոր չի եղել կապ հաստատել լրագրողներ Այնուր Էլգյունեշի, Նաթիգ Ջավադլիի, Խայալե Աղաեւայի, Այթաջ Թապդիգի եւ Այսել Ումուդովայի հետ։ Ավելի ուշ իշխանամետ լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ին, տարածեցին նրանց բերման ենթարկելու լուրը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ Ռամին Ջաբրայիլզադեն (Դեկո) ձերբակալվել է «երկիր արտարժույթի անօրինական ներմուծման հետ կապված ստացված տեղեկատվության հիման վրա»։ Լրագրողի փաստաբան Այսել Ումուդովան նույնպես հայտնել է, որ նրան բերման են ենթարկել որպես կասկածյալ։
Meydan TV-ին գրում է, որ այս գործի քննությանը ներգրավվել են նաեւ այլ լրագրողներ, որոնց անունները դեռեւս չեն հաղորդվում։
Ձերբակալված լրագրողների մեծ մասի տները խուզարկվել են, սարքավորումներն ու անձնական իրերը՝ առգրավվել։
Ադրբեջանցի լրագրողների ձերբակալությունների հերթական ալիքը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջոշուա Հաքի՝ Բաքու այցի ֆոնին։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ավելի վաղ հայտնել էր, որ Հաքը հանդիպել էր ամիսներ առաջ բանտարկված լրագրողների եւ ակտիվիստների հարազատների հետ։