Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակման ֆոնին իր դիվանագետներին ու զինվորականներին սկսել է տարհանել Իրանը։ Այդ մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Սիրիայի տարածքը մասնավորապես սկսել են լքել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանման՝ «Ալ-Քուդսի» հրամանատարները։
The New York Times-ը հիշեցնում է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարիներին Իրանը մեծ աջակցություն է ցուցաբերել նախագահ Բաշար ալ-Ասադին, այդ թվում այնտեղ ռազմական խորհրդականների ուղարկելով։
Ըստ պարբերականի զրուցակիցների՝ որոշ դիվանագետներ նույնպես լքում են Սիրիան։ Նրանց տեղեկություններով` իրանցիները երկրի տարածքը լքում են ինչպես դեպի Թեհրան ուղիղ չվերթով, այնպես էլ Իրաքի եւ Լիբանանի հետ ցամաքային սահմաններով։
Իրանցի վերլուծաբան Մեհդի Ռահմատը NYT-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ իրանցի զինվորականները չեն կարող շարունակել օգնություն ցուցաբերել սիրիական բանակին, «եթե այն չի ցանկանում պայքարել»։
The Wall Street Journal-ի աղբյուրներն էլ իրենց հերթին հայտնել են, որ Եգիպտոսի եւ Հորդանանի պաշտոնյաները Ասադին կոչ են արել լքել երկիրը եւ «արտաքսման մեջ» ձեւավորել ժամանակավոր խորհուրդ, որը կներառի նաեւ ընդդիմությունը: Ըստ պարբերականի զրուցակիցների` Ասադը իր երեխաներին ու կնոջն արդեն ուղարկել է Ռուսաստան, սակայն ինքը դեռ շարունակում է մնալ Սիրիայում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունն արդեն կորցրել է վերահսկողությունը Հալեպի եւ Համա քաղաքների վրա։ Սպառնալիքներ են ստեղծվել Հոմս քաղաքի համար։ Հակակառավարական ուժերի առաջխաղաղացումը կասեցնելու եւ նրանց դեմ պայքարող բակային միավորներն ամրացնելու նպատակով Դեյր ալ-Զոր քաղաքից արեւմտյան ճակատ են տեղափոխվել քաղաքը պաշտպանող ստորաբաժանումները՝ զուգահեռաբար քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը փոխանցելով շրջանի եւ քաղաքի վերահսկողությունը։
Բացի այդ` նախօրեին նոր զինված ապստամբություններ են սկսել բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։
Ինչպես նշում է NYT-ը, Բաշար ալ-Ասադի երեք հիմնական դաշնակիցները՝ Իրանը, Ռուսաստանը եւ լիբանանյան «Հեզբոլլահը», վերջին շրջանում բախվել են սեփական դժվարություններին։ Իրանը եւ «Հեզբոլլահը» կենտրոնացած են Իսրայելին դիմակայելու, իսկ Ռուսաստանի ռեսուրսները՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման վրա: