Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնում է , որ Սիրիայի բանակը դուրս է եկել Պալմիրայից։ Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ քաղաքն անցել է «Սիրիայի ազատ բանակի» ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
Այն, որ Սիրիայի բանակը այլեւս չի վերահսկում Պալմիրան, ավելի վաղ հայտնել էին նաեւ ռուսական ռազմական թղթակիցները՝ ընդգծելով, որ հակակառավարական ուժերը քաղաքի վրա հարձակման ընթացքում կարողացել են գրավել զինամթերքի պահեստները։
Նշենք, որ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի տարիներին սիրիական բանակը Ռուսաստանի աջակցությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Պալմիրան կարողացել էր հետ գրավել երկու անգամ՝ 2016 թվականի մարտին եւ 2017 թվականի մարտին։
«Ալ Ջազիրա»-ն նաեւ պնդում է, որ սիրիական բանակը լքում է Դամասկոսի արվարձանները, իսկ հակակառավարական ուժերը արդեն Սիրիայի մայրաքաղաքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունն արդեն կորցրել է վերահսկողությունը Հալեպի եւ Համա քաղաքների վրա։ Սպառնալիքներ են ստեղծվել Հոմս քաղաքի համար։ Հակակառավարական ուժերի առաջխաղացումը կասեցնելու եւ նրանց դեմ պայքարող բակային միավորներն ամրացնելու նպատակով Դեյր ալ-Զոր քաղաքից արեւմտյան ճակատ են տեղափոխվել քաղաքը պաշտպանող ստորաբաժանումները՝ զուգահեռաբար քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը փոխանցելով շրջանի եւ քաղաքի վերահսկողությունը։
Բացի այդ` նախօրեին նոր զինված ապստամբություններ են սկսել բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։
The New York Times-ը գրում է, որ Բաշար ալ-Ասադի երեք հիմնական դաշնակիցները՝ Իրանը, Ռուսաստանը եւ լիբանանյան «Հեզբոլլահը», վերջին շրջանում բախվել են սեփական դժվարություններին։ Իրանը եւ «Հեզբոլլահը» կենտրոնացած են Իսրայելին դիմակայելու, իսկ Ռուսաստանի ռեսուրսները՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման վրա:
Sky News Arabia-ի եւ Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ Ռուսաստանն արդեն տեղեկացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որ մտադիր չէ էապես միջամտելու Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։