24 տարվա կառավարման եւ շուրջ 13 տարվա քաղաքացիական պատերազմից հետո Սիրիայում տապալվեց նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը։ Սիրիայի հակակառավարական ապստամբական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության վերահսկողություն են հաստատել մայրաքաղաք Դամասկոսի վրա։
Մայրաքաղաքի փողոցներից նկարահանված կադրերը վկայում են հակակառավարական ուժերի զինված ներկայության մասին։ Նրանց ողջունում են տեղի բնակիչները։
Reuters-ը գրում է, որ Սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են Դամասկոսի կենտրոնը։ Բարձր հրամանատարությունը հայտնել է զինվորականներին, որ Բաշար ալ-Ասադի իշխանությունն արդեն ավարտվել է, գործակալության հետ զրույցում ասել է սպաներից մեկը։
Դամասկոսում տեղի ունեցողի վերաբերյալ միակ պաշտոնական մեկնաբանությունը տվել է երկրի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին։ Նա հայտարարել է, որ շարունակում է մնալ քաղաքում եւ պատրաստ է համագործակցելու Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ եւ ցանկացած միջոց ձեռնարկել իշխանությունը «փոխանցելու» համար։ Նա հայտարարել է, որ «Սիրիան պատկանում է բոլոր սիրիացիներին եւ կարող է հարեւանների եւ համաշխարհային հանրության հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր լինել»։
Այս ամենին ի պատասխան՝ ապստամբների հրամանատրությունը AFP-ին հայտնել է, որ Դամասկոսի կառավարական հաստատությունները կմնան վարչապետի հսկողության տակ մինչեւ իշխանության պաշտոնական փոխանցումը։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գտնվելու վայրը դեռեւս հայտնի չէ։ Reuters-ը, վկայակոչելով սիրիացի երկու բարձրաստիճան սպաների, հաղորդում է, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը Դամասկոսից հեռացել է անհայտ ուղղությամբ։
The New York Times-ը գրում է, որ սոցցանցերում շրջանառվող լուսանկարում երեւում է Դամասկոսի միջազգային օդանավակայանի չվացուցակը ներկայացնող էկրանը, որի վրա կարելի է նկատել չեղարկված 9 չվերթեր։ Միակ թռիչքը, որը թույլատրվել է, եղել է Մոսկվայի ուղղությամբ։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) չի բացառել, որ Դամասկոսի օդանավակայանից օդ բարձրացած մասնավոր ինքնաթիռում եղել է հենց Ասադը:
Հակակառավարական ուժերը վերահսկողության տակ են վերցրել նաեւ Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Հեռուստատեսային ուղերձում նրանք ասացին, որ վերջ են տվել Ասադի 24-ամյա կառավարմանը:
«Տարիներ շարունակ անարդարությունից, բռնակալությունից, ճնշումներից, սիրելի հայրենիքի որդիների եւ դուստրերի ահռելի զոհողություններից հետո սիրիական մեծ ժողովրդին եւ ամբողջ աշխարհին մենք այսօր հայտարարում ենք, որ Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է, եւ որ նա փախել է երկրից՝ ժառանգություն թողնելով տառապանքն ու ավերածությունը: Այս պատմական օրը մենք հայտարարում ենք, որ հեղափոխության եւ ընդդիմության ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել բոլոր գործերը սիրելի Սիրիայում»,- ասվում է ապստամբների հայտարարության մեջ։
Դրանում նրանք խոստանում են ապահովել Սիրիայի տարածքի միասնության եւ ինքնիշխանության պահպանումը, անկախ էթնիկ եւ կրոնական պատկանելությունից բոլոր քաղաքացիների կյանքի եւ ունեցվածքի պաշտպանությունը, ազատության եւ արդարության հիման վրա պետական ինստիտուտների վերականգնումը, ազգային հաշտեցումը եւ փախստականների վերադարձը, ինչպես նաեւ Ասադի կառավարման տարիներին հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելը։
Սիրիայի կապի նախարարը հայտարարել է, որ կառավարությունը ապստամբական ուժերից անվտանգության երաշխիքներ է ստացել: Կառավարության անդամները պետք է երկօրյա ժամկետում վերադառնան իրենց աշխատանքին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուշադիր հետեւում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։
Զուգահեռաբար Սիրիային պատկանող, բայց 1967 թվականից Իսրայելի օկուպացիայի տակ գտնվող Գոլանի բարձունքների շրջանում՝ Ալ-Քունտերիա նահանգի ուղղությամբ, առաջխաղացում է կատարել Իսրայելի պաշտպանության բանակը եւ վերահսկողություն հաստատել բուֆերային գոտու վրա։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունը երեք օրվա ընթացքում կորցրեց ամբողջ վերահսկողությունը Հալեպի վրա։ Հակակառավարական ուժերի հարձակման հետեւանքով դեկտեմբերի 5-ին ընկավ Համան, իսկ 7-ին՝ Հոմսը։ Զուգահեռաբար սիրիական բանակը Դեյր ալ-Զոր քաղաքի վերահսկողությունը հանձնել էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը՝ փորձելով ամրացնել հարձակվող ապստամբների դեմ պայքարող ստորաբաժանումները։ Բացի այդ՝ դեկտեմբերի 6-ից արդեն զինված ապստամբություններ էին բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։