Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը նախօրեին հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարեւոր պայման է խաղաղության հաստատման համար։
«Այս միջանցքը խաղաղության, բարգավաճման եւ զարգացման ճանապարհ է տարածաշրջանի երկրների համար՝ Ադրբեջանի եւ Հայաստանի գլխավորությամբ, այդ թվում Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի համար, միեւնույն ժամանակ այն կարեւոր է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար։ Հուսով ենք, որ Հայաստանը չի լսի երրորդ կողմերից եկող կեղծ տեղեկություններ եւ կիրականացնի խաղաղության եւ զարգացման ծրագիրը։ Զանգեզուրի միջանցքի աշխատանքները ադրբեջանական կողմից ավարտվել են, մնում են Հայաստանի հետ սահմանի աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն։ Հուսով ենք, որ մոտ ժամանակներում դրանք կիրականացվեն»,- հայտարարել է Օքթայը։
Թուրք պատգամավորը նաեւ հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կստորագրեն։ Նա նաեւ կարծիք է հայտնել, որ «քանի դեռ Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ», կայուն եւ հարատեւ խաղաղության հասնելն անհնար կլինի։
«Մշտական խաղաղությունն ապահովելու եւ այս խնդիրը ապագա սերունդներին չթողնելու համար Հայաստանի Սահմանադրության այս հոդվածը պետք է վերացվի։ Մենք լիովին աջակցում ենք դրան եւ դա հայտնում ենք Հայաստանին ամեն հնարավորության դեպքում։ Մենք պատրաստ ենք կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, բայց դա անում ենք Ադրբեջանի հետ միասին»,- հայտարարել է Օքթայը։
Հիշեցնենք՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին հայտարարություններին ի պատասխան Հայաստանի Կառավարությունը մշտապես հայտարարել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում միջանցքային տրամաբանություն չպետք է գոյություն ունենա, եւ այն պետք է իրականացվի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ հարգման շրջանակում։
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության հարցին, ապա Երեւանն այս դեպքում էլ մշտապես հայտարարել է, որ Հայաստանի մայր օրենքում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չկա, եւ որ խաղաղության պայմանագրի նախագծում նման հարց չի ներառվել։