Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է եղել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը: Այդ մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը եւ այլ երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ:
Միջոցառման շրջանակում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն իր խոսքում անդրադարձել է Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին եւ ընդգծել տաճարի վերաբացման կարեւորությունն իր երկրի ու ժողովրդի համար:
Հաջորդիվ Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը կատարել է եկեղեցական արարողություն:
Երեկոյան վարչապետ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը Ելիսեյան պալատում մասնակցել են Էմանուել եւ Բրիջիթ Մակրոնների անունից ի պատիվ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակից պետությունների եւ կառավարությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:
Ֆեյսբուքում էլ վարչապետ Փաշինյանը, հրապարակելով իր, Մակրոնի եւ Թրամփի լուսանկարը, գրել է․ «Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»:
Մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը հայտնում է, որ շփման հնարավորություն է ունեցել նաեւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ։