Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ—Ասադը Մոսկվայում է։ Նա ապաստան է ստացել Ռուսաստանում, ՏԱՍՍ—ին հայտնել է Կրեմլի աղբյուրը։
«Ասադը եւ նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, հումանիտար նկատառումներով նրանց ապաստան են տրամադրել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
ՏԱՍՍ—ը գրում է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում ՄԱԿ—ի հովանու ներքո Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման բանակցությունների վերսկսումը։ Սիրիական զինված ընդդիմության առաջնորդները երաշխավորել են Սիրիայում ռուսական ռազմակայանների եւ դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս—արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ—Ասադի կառավարությունը երեք օրվա ընթացքում կորցրեց Հալեպը։ Արդեն դեկտեմբերի 5-ին ընկավ Համան, իսկ 7-ին՝ Հոմսը։ Զուգահեռաբար սիրիական բանակը Դեյր ալ—Զոր քաղաքի վերահսկողությունը հանձնել էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը՝ փորձելով ամրացնել հարձակվող ապստամբների դեմ պայքարող մյուս ստորաբաժանումները։
Այս նույն ժամանակահատվածում դեկտեմբերի 6-ից արդեն զինված ապստամբություններ էին բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։