Ազգային առաջնորդարանը Սիրիայում բնակվող հայերին կոչ է անում երկրում ծավալվող իրադարձությունների ֆոնին լինել զուսպ եւ զգուշավոր, իսկ բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։
Հայտարարության տեքստում նշվում է, որ հայ համայնքը միշտ եղել է ու պետք է մնա սիրիական հայրենիքի բարօրությանը եւ բարգավաճմանը սատարող, երկրի տարածքային ամբողջականության ու Սիրիայի ընկերության տարբեր հատվածների խաղաղ գոյակցության ջատագով։
Դրանում նաեւ շեշտվում է, որ դարեր շարունակ կառուցողական ներկայություն ունեցող հայ համայնքը համատեղ աշխատանքներով պետք է շարունակի աջակցել Սիրիայի վերականգնման աշխատանքներին։
Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Դամասկոսում դեսպանատունը գործունեությունը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես կիրականացնի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից։
Հայտարարության մեջ նաեւ նշվում էր, որ ներկա պահին դեռեւս չկան անվտանգ տարհանման հնարավորություններ։
Նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունը երեք օրվա ընթացքում կորցրեց Հալեպը։ Արդեն դեկտեմբերի 5-ին ընկավ Համան, իսկ 7-ին՝ Հոմսը։ Զուգահեռաբար սիրիական բանակը Դեյր ալ-Զոր քաղաքի վերահսկողությունը հանձնել էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը՝ փորձելով ամրացնել հարձակվող ապստամբների դեմ պայքարող մյուս ստորաբաժանումները։
Այս նույն ժամանակահատվածում դեկտեմբերի 6-ից արդեն զինված ապստամբություններ էին բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։
Դեկտեմբերի 8-ին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։