Երկու շաբաթից էլ քիչ տեւած պայքարից հետո Սիրիայի ընդդիմությունը հասավ իր նպատակին. 24 տարի երկիրը ղեկավարող նախագահ Բաշար ալ-Ասադը լքեց մայրաքաղաք Դամասկոսը։ Նրա հեռանալու ուղղությունն առաջին ժամերին անհայտ էր, նույնիսկ լուրեր կային, թե Սիրիայի նախագահին տանող օդանավը կործանվել է: Երկրից փախած նախագահի գտնվելու վայրը պարզ դարձավ ավելի ուշ (Մոսկվա), մինչդեռ նա ապաստան էր խնդրել շատ երկրներից:
Երկրորդական է, թե ուր է ապաստանել Սիրիայի նախագահը, հարցը փախուստի ձեւն է, որն անգամ հուշում է նրա քաղաքական ասպարեզի անփառունակ վախճանի մասին:
Բաշար ալ-Ասադը իշխանության էր բերվել բոլորովին այլ ասպարեզից. նրա հայրը՝ Սիրիայի 15-րդ նախագահ Հաֆեզ ալ-Ասադը, նախատեսում էր նախագահի պաշտոնում նշանակել իր Բասիլ որդուն, բայց վերջինս զոհվում է ավտովթարից: Այդ ժամանակ Բաշար ալ-Ասադը ակնաբուժություն էր սովորում Լոնդոնում եւ վերադառնում է Սիրիա, ընդունվում զինվորական ակադեմիա, ստանում զինվորական կոչումներ:
Հաֆեզ ալ-Ասադի մահից հետո (2000) լինելով պարզապես հոր իշխանությունը ստանձնողը՝ նա մի քանի առումներով չկարողացավ ճիշտ կառավարել երկիրը: Երկիր, որն ունի աշխարհագրական ազդեցիկ դիրք, բնական հարստություն, աշխույժ տնտեսություն եւ նաեւ զարգանալու մեծ ներուժ, Բաշար ալ-Ասադի իշխանության օրոք չկարողացավ օգտագործել իր ունեցած բոլոր հնարավորությունները։ Ասադի կառավարման սխալները հանգեցրել էին ներքին տագնապի, որը նաեւ ուռճացավ արտաքին մղումներով: Իսկ արտաքին բոլոր միջամտություններն իրենց քաղաքական տարբեր շահերն էին հետապնդում, ինչպես լինում է նման դեպքերում:
Այս տապալումի հիմնական պատճառը, պարզ ասած, Ասադի վարչակարգի արտաքին քաղաքականությունն ու արեւելումն էր, որ խորթ ու թշնամական էր Արեւմուտքին:
Իրանի հետ Ասադի սերտ կապը, կապվածությունը, ավելի ճիշտ կլինի ասել՝ կախյալությունը Իրանից նրան դարձրին «Հավաքական Արեւմուտք»-ի եւ հատկապես Իսրայելի թիրախ։ Ի վերջո Ասադն իր երկրի տարածքով ազատ ճանապարհ էր շնորհում Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ»-ին, եւ Սիրիայի ցամաքային ճանապարհների շնորհիվ «Հեզբոլլահ»-ն ավելի ու ավելի էր զինվում ու հզորանում:
Թե՛ երկրում ստեղծված իրավիճակը, թե՛ ասադյան վարչակարգի այս դերակատարությունն ինչ-որ չափով նպաստեցին, որ Սիրիան 2011 թվականին մտնի արյունալի եւ անասելի ողբերգություններով լեցուն քաղաքացիական պատերազմի փուլ:
Այդ պատերազմին հետադարձ հայացք նետելով՝ տեսնում ենք, որ Ասադի վարչակարգն այդ պայքարում կարողացել է տոկալ շնորհիվ Ռուսաստանի: Եվ դա կարմիր թելի պես երեւում է քաղաքացիական պատերազմի ամբողջ օրագրության մեջ:
Այդ պատերազմի ամենածանր փուլում, ճիշտ այն ժամանակ, երբ «Ալ Նուսրա ճակատ»-ի զինյալները մոտեցել էին Դամասկոսի նախագահական պալատին, եւ Ասադի վարչակարգը պիտի փլուզվեր, Ասադը հրապարակայնորեն աղերսեց Ռուսաստանի օգնությունը։ Ռուսաստանի նախագահ Պուտինն ընդառաջեց այդ խնդրանքին, եւ ռուսական զորքերը հասան Սիրիա։ Պալատի դռներին հասած խաղը կտրուկ փոփոխվեց, եւ Սիրիայի բանակը, անցնող տարիներին միշտ ունենալով ռուսաստանյան օդուժի անվերապահ նեցուկը, կարողացավ երկիրը մաս առ մաս ազատագրել ռադիկալ իսլամիստներից:
Ճիշտ է՝ Սիրիան փրկելու այդ պատերազմին մասնակից էին նաեւ իրանցիներն ու հատկապես լիբանանյան «Հեզբոլլահ»-ը, սակայն այդ բոլորը եղավ ի գին Սիրիայի թուլացման, ի գին տնտեսական եւ սոցիալական մեծ փլուզումների։
Այդ ուժերը ոչ թե Սիրիա՛ն փրկեցին, այլ փրկեցին Ասադին, որ շարունակեց իշխանության վրա մնալ մինչեւ 2024-ի դեկտեմբերի 8-ի առավոտը:
Անշուշտ պետք է նշել, որ Ասադի այս անկման մեջ կարեւոր դրոշմ ունեցան Ռուսաստանի՝ ուկրաինական ճակատի վրա մեծ զբաղվածությունը, Լիբանանի դեմ անցնող ամիսներին ընթացած պատերազմի հետեւանքով «Հեզբոլլահ»-ի թուլացումը, Մերձավոր Արեւելքում իրանյան դերի նոսրացումը, բայց ամենակարեւոր դերը ունեցավ իր իսկ համառությունը: Վերջին երկու տարիներին Ասադը քանիցս մերժեց Ռուսաստանի խորհուրդները, նկատել չտվեց Թուրքիայի նախագահի առաջարկները, նույնիսկ անտեսեց Անկարայից դեպի Դամասկոս երկարված ձեռքը:
Այս ամենը շրջանցելով՝ մյուս կողմից էլ նա ոչինչ չփոխեց երկրում, բարելավումներ, բարեկարգումներ չկատարեց, հետպատերազմյան տխուր իրավիճակում թողեց երկրի մեծագույն քաղաքները՝ Հալեպը, Հոմսն ու Համան:
Մայրաքաղաք Դամասկոսն էր Ասադի կիզակետը, որն էլ դարձավ նրա քաղաքական ծրագրերի վախճանման իրական վայրը։
Դամասկոսում կյանքը եռում էր, եւ դա Ասադին մտածել էր տալիս, որ ինչ էլ պատահի, իր դաշնակիցները, անգամ հակառակորդները, արտոնություն են տալու, որ ինքը տիրի այդ «փոքրիկ Սիրիա»-ին՝ նրանում ներգրավելով Լաթակիան, Սիրիայի ծովեզերյա շրջանները եւ ռուսական ռազմածովային բազա դարձած Տարտուսը:
Բայց իրականությունն «անգութ» էր, ընդհանրական ծրագիր գոյություն ուներ, եւ այսօր Սիրիայի ընդդիմությունը (որին շատերը շարունակում են «ահաբեկչական խմբավորումներ» կոչել) կարողացավ հաշված օրերի ընթացքում իր տիրապետության տակ առնել Սիրիայի մեծագույն մասը՝ բացի քրդական խմբավորումների տիրապետության տակ գտնվող հյուսիսային շրջաններից:
Դեռ շատ վաղ է կանխատեսումներ անել, թե առաջիկայում ինչ Սիրիա ենք տեսնելու, ինչպիսին են լինելու նրա սահմանները, ով է լինելու նրա թիվ մեկ իշխանավորը, ինչպիսի իշխանություն է կազմավորվելու, բայցեւայնպես հստակ է արդեն, որ Սիրիայի նոր պատմությունն է սկիզբ առնում:
Հայր եւ որդի Ասադները միասին Սիրիան կառավարել են կես դարից էլ ավելի, եւ Ասադների իշխանության ավարտով 6000 տարվա պատմություն եւ մոտ 80 տարվա անկախություն ունեցող Սիրիան այսօր մտնում է բոլորովին ուրիշ փուլ: Այդ փուլը լեցուն է լինելու անակնկալներով, դրական ու ժխտական պատկերներով ու մեծ հաշվով՝ կտրուկ փոփոխություններով:
Այս փուլը պատմական փուլ է՝ «Սիրիան առանց Ասադի» խորագրով: Ասադը միայն 60-ամյակը շուտով դիմավորող եւ Մոսկվայում ապաստանած այդ գործիչը չէ, «Սիրիան առանց Ասադի» խորագիրը վերաբերում է ավելի քան հիսուն տարիների մի ժամանակաշրջանի, որի ընթացքում իշխած քաղաքական վարչակազմի անվան հետ են կապվում տարածաշրջանում բազում հանցագործություններ, ինչպես Սիրիայի Համա եւ Հոմս քաղաքներում սուննի իսլամների ջարդը (սուննիները հետեւորդների թվաքանակով իսլամի ամենամեծ հոսքն են), նույն Համա քաղաքի հիմնահատակ ավերումը: Այդ վարչակարգի անվան հետ է կապվում Լիբանանի նախագահներից Բեշիր Ժմայելի սպանությունը (Հաֆեզ Ալ-Ասադի իշխանության տարիներին) եւ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը (Բաշար Ալ-Ասադի իշխանության տարիներին), բազմաթիվ քաղաքական սպանություններ, հետապնդումներ, ահաբեկումներ, բանտարկություններ եւ այլն:
Այդ վարչակարգի հիմնական խաղացողը, անշուշտ, Ասադ ընտանիքն էր, իսկ ենթահողը, որի վրա աճեց ու գործեց այդ ընտանիքը, ալավի կրոնական համայնքն է (մուսուլման փոքրամասնություն), որն այսօր ստիպված է ընդունել կատարվածը, հարմարվել եւ մասնակից դառնալ Սիրիայի հետասադյան փուլին։
Կատարվածը պարտավոր է ընդունել տարածաշրջանում ամեն ոք՝ ի տես նոր տարածաշրջանի եւ նոր շահերի ձեւավորման:
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։