Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը նախապես տեղեկացված է եղել Սիրիայում հակակառավարական խմբավորումների հնարավոր հարձակման մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Արաղչին պնդում է, որ Իրանը այդ տվյալները փոխանցել է Սիրիայի իշխանություններին։ «Զարմանալին սիրիական բանակի հակահարված տալու անկարողությունն էր, ինչպես նաեւ իրադարձությունների արագությունը, ինչն անսպասելի էր»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադն էլ էր «զարմացած եղել այն հանգամանքից, թե ինչպես է գործել իր բանակը»։
«Պարզ էր, որ բուն Սիրիայում ճիշտ վերլուծություն չէր եղել։ Կարծում եմ՝ սիրիական բանակը հայտնվել էր հոգեբանական պատերազմի գերության մեջ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Reuters-ը, հղում կատարելով աղբյուրներին, գրում է, որ սիրիական հակակառավարական ուժերը վեց ամիս առաջ թուրքական իշխանություններին տեղեկացրել են լայնածավալ հարձակման ծրագրերի մասին։ Գործակալությունը նշում է, որ հակակառավարական խմբերը չէին կարող գործել առանց Անկարային ծանուցելու, որը երկրում «պատերազմի առաջին օրերից սիրիական ընդդիմության հիմնական աջակցիցն էր»։
Տեղեկացնելով Թուրքիային իրենց ծրագրերի մասին՝ հակակառավարական ուժերը կարծել են, որ իրենք Անկարայից «ստացել են լռելյայն հավանություն» հետագա գործողությունների համար, գրում է լրատվականը։
Reuters-ը միեւնույն ժամանակ հիշեցնում է, որ Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը դեկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Անկարան ներգրավված չէ հակակառավարական խմբերի հարձակման մեջ եւ չի տվել իր հավանությունը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունը երեք օրվա ընթացքում կորցրեց Հալեպը։ Արդեն դեկտեմբերի 5-ին ընկավ Համան, իսկ 7-ին՝ Հոմսը։ Զուգահեռաբար սիրիական բանակը Դեյր ալ-Զոր քաղաքի վերահսկողությունը հանձնել էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը՝ փորձելով ամրացնել հարձակվող ապստամբների դեմ պայքարող մյուս ստորաբաժանումները։
Այս նույն ժամանակահատվածում դեկտեմբերի 6-ից արդեն զինված ապստամբություններ էին բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։
Դեկտեմբերի 8-ին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Նույն օրը երեկոյան ռուսական ՏԱՍՍ-ը, հղում կատարելով աղբյուրներին, գրեց, որ Ասադը ընտանիքի հետ ապաստան է ստացել Ռուսաստանում։