Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի ներքին գործերի նախարարությունից ընդամենը հինգ օր է պահանջվել ընդդիմության՝ բռնություն գործադրելու կարողությունը չեզոքացնելու համար, ինչն օգնել է դադարեցնելու «մայդանի» փորձը երկրում։
«Արմատական ընդդիմության բռնության ռեսուրսը չեզոքացնելու համար ՆԳՆ-ից պահանջվեց ուղիղ հինգ օր։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին եւ յուրաքանչյուր ոստիկանի։ Այս օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, ՆԳՆ-ն գործել է ամերիկյանից եւ եվրոպականից ավելի բարձր չափանիշերով, եւ այսպես ուղիղ հինգ օրում մեր երկրում կասեցվեց «մայդանի» փորձը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Նա նաեւ նշել է, որ երբ ընդդիմությունը հանրահավաքներում սպառեց «պետությանը վնաս հասցնելու» ռեսուրսը, բողոքի ցույցերը շարունակվեցին Վրաստանի խորհրդարանի մոտ, սակայն դրանք արդեն ունեցել են «անբովանդակ» ձեւ։
Հիշեցնենք՝ Կոբախիձեի այն հայտարարությունից հետո, որ իր կառավարությունը մտադիր չէ Եվրամիության հետ բանակցությունների հարցը օրակարգ բերելու մինչեւ 2028 թվականը, մայրաքաղաք Թբիլիսիում եւ այլ քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ բռնկվեցին։ Ոստիկանությունը դեկտեմբերի 1-4-ը Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին ցրեց ջրցան մեքենաների, ռետինե փամփուշտների եւ արցունքաբեր գազի կիրառմամբ։ Կալանավորվեց ավելի քան 300 մարդ, որոնցից մի քանիսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառելու Վրաստանի իշխանությունների նկատմամբ՝ կապված երկրի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման որոշման դեմ բողոքող ցուցարարներին հետապնդելու հետ։
«Ի լրումն նախապես հայտարարված երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է օգտագործելու մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ներառյալ լրացուցիչ պատժամիջոցները»,-ասվում էր հայտարարության տեքստում։
Դրանում նաեւ նշվում էր, որ Վաշինգտոնը խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցությանը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ ընդդիմության նկատմամբ «դաժան եւ չարդարացված բռնության» համար։