Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին եւ նրա ընտանիքին Ռուսաստանում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպիսով՝ նա փաստացի հաստատել է, որ դեկտեմբերի 8-ին Սիրիայում իր վարչակարգի տապալումից հետո Ասադը ժամանել է Մոսկվա։
Այդ մասին նախօրեին առաջինը գրել էր ՏԱՍՍ գործակալությունը, ապա այսօր հաստատել նաեւ Վիեննայում միջազգային կառույցներում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Միեւնույն ժամանակ Պեսկովը հավելել է, որ այժմ ինքը լրագրողներին ասելու ոչինչ չունի Ասադի գտնվելու վայրի մասին, եւ նրա հետ հանդիպումը ներառված չէ Պուտինի պաշտոնական գրաֆիկում։
Նա նաեւ նշել է, որ Կրեմլի կողմից Ասադին Ռուսաստանում ապաստան տրամադրելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն անելը «բացարձակապես ավելորդ է»: «Մենք պարտավոր չենք դա անել»,- ասաց նա:
Խոսելով ընդհանուր առմամբ Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ Պեսկովն ասել է, որ այնտեղ տեղի ունեցածը «զարմացրել է ամբողջ աշխարհին», եւ Կրեմլը «այս դեպքում բացառություն չէ»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Սիրիային սպասվում է «շատ բարդ ժամանակաշրջան՝ կապված անկայունության հետ», սակայն Կրեմլը կշարունակի երկխոսությունը տարածաշրջանի բոլոր երկրների հետ «սիրիական հարցերի շուրջ»։