Երեւանն այս պահին միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, որ ինչ-որ փուլում փոխադարձ հայցերի հետկանչի հարցը կարող է քննարկվել։
«Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետեւ կստացվի, որ կմեկնաբանեմ։ Ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ մեկնաբանություններից։ Այս պահին նման հարց չկա դրված։ Շարունակվում է մեր հայցերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որոնք անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար»,- ասել է Կիրակոսյանը, որի խոսքերը մեջբերում է «Արմենպրեսը»։
Լրագրողի հարցին, թե արդյոք կա միտում, որ Հայաստանը փորձում է հրաժարվել ներկայացված հայցերից, Կիրակոսյանը պատասխանել է, որ նման միտում այս պահին չի տեսնում։
Նա նաեւ հավելել է, որ ներկա պահին Ադրբեջանը Հայաստանին առնչվող հայցեր ունի երկու միջազգային ատյաններում՝ ՄԻԵԴ-ում, Արդարադատության միջազգային դատարանում, կա նաև արբիտրաժային գործընթաց։
«Ազատությունն» էլ հիշեցնում է, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Եղիշե Կիրակոսյանը դեմ է հայցերը հետ կանչելու կառավարության մոտեցմանը, ավելին՝ լրատվամիջոցներն անգամ նրա հնարավոր հրաժարականի մասին էին գրում:
Լրատվականը նշում է, որ Կիրակոսյանը հրաժարվել է մեկնաբանելուց այն հարցերը, թե արդյոք ինքը այս հարցով վարչապետ Փաշինյանի հետ վեճ ունեցել է, եւ եթե ի վերջո Հայաստանի բանակցողները նման որոշում կայացնեն, հնարավոր է արդյոք, որ հրաժարականի դիմում ներկայացնի։
«Ազատությունը» նշում է, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին եւ դրանից անմիջապես հետո եղած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններին եւ ապօրինի բանտարկության հարցերին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ստորաբաժանումների ներկայությանը եւ դրա հետեւանքով մարդու իրավունքների խախտումներին, իսկ չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած բոլոր խախտումներին, որը ներառում է նաեւ 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանության փուլը: Եվս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։