Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել է Ուկրաինայում ընթացող հակամարտությունը սառեցնելու հարցը։ Ինչպես հաղորդում է УНИАН գործակալության թղթակիցը, Ուկրաինայի նախագահն այդ մասին ասել է Կիեւում Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի հետ բանակցությունների սկզբում։
«Երբ խոսում ենք հակամարտությունը սառեցնելու մասին, ապա, այո՛, մենք այդ մասին խոսել ենք։ Ես ասել եմ․ մենք ավելի, քան աշխարհում որեւէ մեկը, ցանկանում ենք պատերազմի ավարտը, եւ, իհարկե, պատերազմը դիվանագիտական ճանապարհով ավարտելը ավելի շատ կյանքեր կփրկի, եւ մենք դա ենք ուզում»,- ասել է Զելենսկին։
Նա այսպիսով պատասխանել էր լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան համաձայն է պատերազմի սառեցմանը, եւ թե անվտանգության ինչ երաշխիքներ են պետք, որ Կիեւը համաձայնի ստորագրել խաղաղություն առաջարկող ցանկացած պայմանի տակ՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ նորընտիր նախագահը, ըստ տեղեկությունների, ցանկանում է սառեցնել հակամարտությունը ռազմաճակատի ներկա գծով:
Զելենսկին միաժամանակ հավելել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանը դեմ է հակամարտության դադարեցմանը, եւ այս իրավիճակը փոխելու համար ԱՄՆ-ն եւ Եվրոպան պետք է աջակցեն Ուկրաինային ռազմական ներուժով։ Բացի այդ, հավելել է նա, հակամարտությունը դադարեցնելու համար Կիեւին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Նրա խոսքով՝ նման երաշխիքը կարող է լինել ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը։
Դեկտեմբերի 7-ին Փարիզում կայացել է Զելենսկու, Մակրոնի եւ Թրամփի հանդիպումը։ Դեկտեմբերի 8-ին Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան կցանկանար համաձայնության գալ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար եւ կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը եւ սկսել խաղաղ բանակցությունները։
Նույն օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների համար, եւ խաղաղության գործընթացը վերսկսելու համար բավական է, որ Զելենսկին չեղարկի Ռուսաստանի ղեկավարության հետ շփումներն արգելող հրամանագիրը եւ ցուցումներ տա Ստամբուլի պայմանավորվածությունների եւ ճակատում առկա իրողության հիման վրա երկխոսություն սկսելու վերաբերյալ։