Դեկտեմբերի առաջին տասնօրյակն աչքի ընկավ տարադրամի շուկայում վայրիվերումներով։ Եթե արտարժույթի, հատկապես ԱՄՆ դոլարի եւ եվրոյի փոխարժեքները երկար ժամանակ կայուն էին, ապա վերջին օրերին սկսեցին բարձրանալ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը՝ հակառակը, մի քիչ ընկավ։
Երբ իրար կողքի շարում ենք ԿԲ-ի հրապարակած փոխարժեքների ցուցանիշերը՝ դոլարի, եվրոյի եւ ռուբլու փոխարժեքները, ապա տեսնում ենք, որ 2019 թվականի հունվարի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը 484-485 դրամի, եվրոյինը՝ 554-555 դրամի, իսկ ռուբլունը 7․2 դրամի միջակայքում էր։
Այնուհետեւ աստիճանաբար տարադրամի փոխարժեքները, երբեմն-երբեմն տատանվելով, սկսեցին կամաց-կամաց նվազել մինչեւ 2022 թվականի կեսերը, իսկ 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերից 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքն իջավ 400 դրամից, եվրոն՝ նույնպես, 407-410 դրամի միջակայքում էր, իսկ ռուսական ռուբլին արդեն 6․7 դրամի էր հասել։
Դրանից հետո՝ մինչեւ վերջին 1 շաբաթը, դոլարը հիմնականում կայուն էր՝ 385-388 դրամի միջակայքում, եվրոն փոքր-ինչ արժեւորվել էր՝ 410-420 դրամի միջակայքում, իսկ ռուբլին, հայտնի գործոններով պայմանավորված, շարունակել էր անկում ապրել մինչեւ 3,6-3․7 դրամ։ Մի խոսքով՝ վերջին օրերին հայկական դրամն արժեզրկվել է։
Ազգային արժույթի արժեզրկման համար մասնագետներն ամենատարբեր պատճառներն են նշում՝ սկսած ԿԲ-ի կողմից վարվող ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունից, որի պարագայում պարբերաբար իջեցվեց վերաֆինանսավորման տոկոսադրույթը, շարունակած կառավարության գործունեությամբ, երբ բազմաթիվ ծրագրային ծախսեր, որոնք տարվա ընթացքում կառավարությունը չի կարողացել իրականացնել եւ թողել է տարեվերջին, ինչն էլ պատճառ է դարձել, որ շուկայում հայկական դրամի առաջարկը մեծանա, եւ վերջացրած այն իրողությամբ, որ մեր գործարարներն են նախաամանորյա ներմուծումների համար արտարժույթի պահանջարկ ձեւավորել։ Կա նաեւ մեկ այլ տեսակետ, համաձայն որի՝ հայկական տնտեսությունը չէր կարող երկար ժամանակ ապահովել դրամի արժեւորումը։
«Ասպիսի տատանողականությունը սովորաբար լինում է կարճաժամկետ գործոնների ազդեցությամբ, այսինքն՝ երբ շուկան փոքր է լինում, նեղ է լինում, մեկ-երկու խաղացողների առաջարկի կամ պահանջարկի ծավալների արդյունքում հնարավոր է, որ մի քանի օր որոշակի արժեզրկվի դրամը։ Դրանից հետո գործի են դրվում սպասումները։ Սպասումները հենց սկսում են մի քիչ աշխատել, արդեն սկսվում է հոտային վարքագիծը։ Սա ակադեմիական աշխարհում ընդունված մոտեցում է, եւ գրեթե բոլոր տեղերում նույնն է տեղի ունենում։ Ինչ տեղի ունեցավ, բոլորը լավ գիտեն, այդ թվում՝ տնտեսական ագենտները, բանկերը եւ խոշոր ներմուծող-արտահանողները: Բոլորն էլ լավ գիտեն, որ իրականում մեզ մոտ փոխարժեքը հիմնված չէ հիմնական մակրոտնտեսական ֆունդամենտալների վրա։ Որովհետեւ քո տնտեսության մեջ վերջին 2-3 տարիներին ներդրումները չեն գնացել արտահանելի հատված, տնտեսությունը նստած է արտաքին հոսքերի վրա, տնտեսական պոտենցիալը գնալով թուլանում է, թեև վիճակագրական ցուցանիշերը ցույց են տալիս, որ, իբր, տնտեսական պոտենցիալն աճում է, բայց դա խաբկանք է, որը կոչվում է վիճակագրական աղմուկ։ Բայց իրականում երբ ավելի խորն ես նայում, հասկանում ես, որ անտեսվում է տնտեսության մեջ եղած ֆունդամենտալ խնդիրը։ Իսկ այդ խնդիրն այն է, որ տնտեսությունդ աճում է հիմնականում ոչ արտահանելի հատվածի հաշվին։ Իսկ ոչ արտահանելի հատվածը ունակ չէ ցնցումներին դիմակայելու. փողը գալիս է, այն միանգամից կտրուկ աճում է, ռեստորանները միանգամից 10 սեղան ավելացնում են, աշխատուժ են ներգրավում, փողը կտրվում է, նույն կերպ սեղանները հավաքում են, մարդկանց գործից հանում են, դարձնում գործազուրկ, նույնը՝ կապիտալ շինարարությունում. սա է ֆենոմենը»,- մեզ հետ զրույցում նշում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Այսինքն՝ հատկապես տնտեսվարողները, քանի որ շփվում են շուկայի հետ, հասկանում են, թե ինչ է կատարվում, եւ երբ թեթեւակի շարժ է տեղի ունենում արժեզրկման ուղղությամբ, բոլորը նետվում են ու փորձում են որոշակիորեն ապահովագրել իրենց՝ արտարժույթ են գնում։ Այլ կերպ ասած՝ մասնագետներն ու տնտեսվարողները քաջ գիտակցում են, որ մեր տնտեսության ֆունդամենտալ գործոնները խարխուլ հիմքի վրա են՝ չեն երաշխավորում 380-390 դրամ փոխարժեքը: Բոլորը գիտեն, որ մեր տնտեսական կառուցակարգի կառուցվածքն այնքան էլ դիմադրողական չէ, որովհետեւ դիմադրողական լինում է այն տնտեսական կառուցվածքը, որտեղ տնտեսական աճերը գրանցվում են արտահանելի ճյուղերի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, որոշակի ծառայությունների հաշվին։ Իսկ երբ հասկացող մարդը նայում է մեր տնտեսական ցուցանիշերին, տեսնում է, որ տնտեսական աճը, օրինակ, ոսկյա արտադրանքի վերաարտահանումների կամ կապիտալ շինարարության կամ առեւտրի արդյունքում է, իսկ արտահանելի հատվածում ներդրումներ չկան կամ գրեթե չկան, ապա նա մշտապես բացասական սպասումների դաշտում է գործում։ Իսկ որ ներդրումների, հատկապես ուղղակի օտարերկրյա ներդրումների, ինչպես նաեւ տնտեսության իրական հատվածում ներդրումների մասով խնդիրներ կան, դա երեւում է նաեւ պաշտոնական վիճակագրությունից. երբ տեսնում ես, որ միայն այս տարվա առաջին կիսամյակում 100 միլիոն դոլարին մոտ օտարերկրյա կապիտալ գնացել է երկրից, քան եկել է, որպես ներդրում, ապա պարզ է, որ տնտեսվարողները մշտապես պետք է ունենան բացասական սպասումներ։
Այս սեզոնին, սովորաբար, հակառակն էր լինում. արտագնա աշխատանքի մեկնածները գալիս էին, գումարներ էին ուղարկում նախատոնական գնումների համար եւ այլն, եւ աժիոտաժը հակառակ ուղղությամբ էր լինում։ Այս տարի բացառություն էր, քանի որ, ինչպես նշում է ֆինանսների նախկին նախարարը, այնքան մեծ է մեր տնտեսության կախվածությունը մեկ-երկու տնտեսական գործոններից՝ ոսկյա իրերի, տեխնիկայի վերարտահանումներ, առեւտուր, ծառայություններ եւ այլն, որ արդեն մնացած հոսքերի ազդեցությունները չնչին են դարձել։
Իսկ ի՞նչ է նշանակում ազգային արժույթի արժեզրկումը։ Հայաստանի համար դա նշանակում է, որ ներկրվող բոլոր ապրանքները կարող են թանկանալ, որովհետեւ այդ ապրանքները միջազգային շուկաներից գնվում են արտարժույթով, իսկ քանի որ արտարժույթը Հայաստանում թանկանում է, հետեւաբար դրանց հետ փոխկապակցված գներն էլ բարձրանում են։ Ուստի դրամի այս արժեզրկումը մենք զգալու ենք, եթե անգամ այնպես ստացվի, որ մի քանի օրից մեր ազգային արժույթը նորից արժեւորվի: Գրեթե վստահ ենք, դեռ երկար ժամանակ արդեն իսկ թանկացած ապրանքների բարձր գների համար լսելու ենք «դե մենք դոլարի թանկ ժամանակ ենք ներկրել» արդարացումը։ Ինչ վերաբերում է ռուսական ռուբլու փոխարժեքին, ապա ինչպես արդեն նշեցինք, այն ավելի շատ պայմանավորված է հենց ռուսական խնդիրներով։ Բայց մեր տնտեսության վրա այն եւս կարող է բացասաբար ազդել։ Մասնավորապես, ռուսական շուկան մեր արտադրողների համար հիմնական արտահանման շուկան է, եւ էժան ռուբլին ավելի ոչ շահավետ է դարձնում այդ շուկայում աշխատելը մեր տնտեսվարողների համար։ Մյուս կողմից, ինչպես գիտենք, մեր հարյուրհազարավոր հայրենակիցներ ամեն տարի մեկնում են արտագնա աշխատանքի՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, իսկ այնտեղ իրենց աշխատած գումարները կա՛մ բերում, կա՛մ ուղարկում են Հայաստան՝ իրենց ընտանիքներին, հարազատներին։ Այսինքն՝ այդ մարդկանց եկամուտներն էլ կարող են նվազել։
Արդարության համար նշենք, որ դրամի արժեզրկումը կարող է դրական ազդել հատկապես տնտեսության արտահանելի հատվածի համար, քանի որ նրանք իրենց ապրանք-ծառայությունները արտաքին շուկայում կարող են նույն գնով վաճառելու դեպքում դրամով արտահայտված ավելի մեծ եկամուտներ ունենալ։ Բայց ցավոք, ինչպես արդեն նշեցինք, արտահանելի հատվածում խնդիրները, մեղմ ասած, լավատեսություն չեն ներշնչում։
Իսկ փոխարժեքային տատանման ավելի խոր՝ ֆունդամենտալ եւ տեւական ազդեցության մասին խոսելը դեռ վաղ է։
Գեւորգ Ավչյան