Ուկրաինայի իշխանությունները դեկտեմբերին պլանավորում են անցկացնել կոնտակտային խմբի հանդիպում, որն ընդհանուր դիրքորոշում կձեւավորի ռուս-ուկրաինական պատերազմի դիվանագիտական ավարտի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, գրում է European Pravda-ն։
Նիկիֆորովի խոսքերով` Կիեւը պատրաստվում է եվրոպացի առանցքային գործընկերների աշխատանքային խումբ հրավիրելու, որոնք ունակ են ԱՄՆ-ի հետ ապահովելու Ուկրաինայի «առավելագույն հզորացումը»։
«Մասնակիցների վերջնական ցուցակը դեռ ձեւավորվում է, բայց սրանք այն երկրներն են, որոնք ունեն հեռահար հնարավորություններ, այն երկրները, որոնք ամենամեծ ներդրումներն են անում ուկրաինական զենքի արտադրության մեջ, եւ այն երկրները, որոնցից կախված է մեր ապագան ՆԱՏՕ-ի ներսում»,- ասել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը։
Նրա խոսքերով` կոնտակտային խմբի հանդիպումն անհրաժեշտ է անցկացնել դեկտեմբերին «համակարգման ու միասնական դիրքորոշման մշակման համար» եւ կոչված է ուժեղացնելու Ուկրաինան «իրադարձությունների ցանկացած զարգացման մեջ՝ ինչպես բանակցություններում, այնպես էլ մարտի դաշտում»։
Աշխատանքային խմբի ստեղծման մասին դեկտեմբերի 9-ին Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչ, Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։
«Укринформ»-ի փոխանցմամբ` Մերցն առաջարկել է ստեղծել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի կոնտակտային խումբ, որպեսզի նրանք «կարողանան կարծիքներ փոխանակել» պատերազմի ավարտի վերաբերյալ եւ «մշակել Միացյալ Նահանգների հետ ընդհանուր տեսլական»։ Ի պատասխան՝ Զելենսկին էլ ասել է, որ Կիեւն արդեն աշխատում է նման կոնտակտային խմբի ստեղծման վրա։
Դեկտեմբերի 9-ի երեկոյան իր ուղերձում էլ Զելենսկին հայտնել է, որ կոնտակտային խումբը կարող է ներառել Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լեհաստանը եւ, հնարավոր է, նաեւ Դանիան եւ այլ գործընկերների։