Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիայում հարձակվել է ավելի քան 250 ռազմական օբյեկտի վրա, այդ մասին հայտնում է բանակային «Գելյ» ռադիոն՝ հղում կատարելով իր աղբյուրին։
Ըստ բանակային ռադիոյի՝ դա իսրայելական օդուժի պատմության մեջ ամենախոշոր հարվածային գործողություններից մեկն էր։ Նշվում է, որ Սիրիայում հարձակման են ենթարկվել ռազմական բազաները՝ տասնյակ կործանիչներով, հրթիռային համակարգերը, հրթիռների պահեստները եւ արտադրական տեղամասերը։
Հարձակման մասին հայտնել է նաեւ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), որը տեղակայված է Լոնդոնում: Կառույցը նույնպես նշում է, որ իսրայելական ավիահարվածներն ուղղված են եղել երկրի կարեւոր ռազմական օբյեկտներին, այդ թվում Համայում, Հոմսում եւ Լաթաքիայում տեղակայված ավիաբազաներին ու պահեստներին։ Ընդ որում Լաթակիայում, որտեղ դեռեւս տեղակայված է ռուսական ռազմակայանը, թիրախավորվել են հակաօդային պաշտպանություն ուժերը եւ զենքի պահեստները։
The Times of Israel-ի սիրիական անվտանգության երկու աղբյուրներ էլ պատմել են, որ երկրի հյուսիս-արեւելքում, Հոմս նահանգում եւ Դամասկոսի հարավ-արեւմուտքում իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են առնվազն երեք հիմնական սիրիական ռազմաօդային բազաներ, որոնցում տեղակայված են եղել տասնյակ ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ:
AFP-ի լրագրողներն էլ հայտնել են, որ Դամասկոսում ուժեղ պայթյուններ են լսել: Ըստ SOHR-ի՝ Իսրայելը հարձակվել է Դամասկոսում գտնվող ռադիոէլեկտրոնային պայքարի շտաբի եւ զինամթերքի պահեստների վրա։