Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնելու ճանապարհին երկու հիմնական խոչընդոտ կա, որոնցից մեկը ՀՀ Սահմանադրությունն է, մյուսը՝ Հայաստանի ներկայացուցիչների տարբեր դիրքորոշումները։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները» խորագրով միջոցառմանը։
«Երբ 2020 թվականին Ադրբեջանն իր տարածքները ազատագրեց օկուպացիայից, 2021 թվականին առաջին անգամ խաղաղության առաջարկներ արեց Հայաստանին։ Պատերազմում հաղթած երկիրը երբեք հակառակ կողմին խաղաղության առաջարկ չի անում, բայց մենք արեցինք։ Մենք պատրաստեցինք խաղաղության մասին հիմնարար սկզբունքները։ 2020-2022 թվականներին մենք չգիտեինք, թե ինչ է ուզում Հայաստանը։ Դրանից հետո մենք ծավալուն քննարկումներ ունեցանք։ Դրանք տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ղազախստանում։ Այս քննարկումների ընթացքում մենք փորձեցինք խաղաղության համաձայնագիր մշակել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա։ Դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ է։ Այս խոչընդոտն արտացոլված է նաեւ Հայաստանի Անկախության հռչակագրում։ Այնտեղ հիմք է ընդունվել «Ղարաբաղը Հայաստանի մաս է» կետը։ Երկրորդ խոչընդոտն էլ այն է, որ Հայաստանի [իշխանության եւ ընդդիմության] ներկայացուցիչները տարբեր դիրքորոշումներ ունեն»,- ասել է Մամեդովը։
Նա նաեւ նշել է, որ խաղաղության պայմանագրի համար ՀՀ Սահմանադրության մեջ իր նկատած խոչընդոտների մասին Բաքուն տեղեկացրել է Երեւանին։
«Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Հայաստանի խորհրդարանը պետք է որոշում կայացնի այդ մասին, իսկ Սահմանադրական դատարանը պետք է հաստատի»,- ասել է Մամեդովը։
Հիշեցնենք, որ հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ Սահմանադրության մեջ որեւէ տարածքային պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ, իսկ Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին գործն է։