Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը պատրաստ է «մտածելու եւ աշխատելու» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկի շուրջ՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը «սառեցնելու» դեպքում Ուկրաինային անվտանգության հնարավոր երաշխիքներ տալու առչությամբ։ Այդ մասին նա ասել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում։
Զելենսկու հայտարարությունից հետեւում է, որ Մակրոնն առաջարկել է մինչ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալը երկրում օտարերկրյա ռազմական կոնտինգենտ տեղակայել որպես անվտանգության երաշխավոր։ Զելենսկին չի հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն Մակրոնն ավելի վաղ չէր բացառել ֆրանսիացի զինվորականների Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։
Հատուկ երաշխիքների վերաբերյալ Մակրոնը պաշտոնապես չի հայտարարել, սակայն վերջերս լրատվամիջոցները գրել էին, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կրկին սկսել են քննարկել Ուկրաինային լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու հարցերը։
Ուկրաինայի նախագահի խոսքերով՝ խաղաղության հասնելու համար Կիեւը պետք է «ստիպի» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը։ Միեւնույն ժամանակ, Զելենսկին չի բացառել ռազմական գործողությունների «դադարի» հնարավորությունը, սակայն մի քանի անգամ կրկնել է, որ նման «դադար» հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ուկրաինան ունենա անվտանգության երաշխիքներ։ Նախագահը նման երաշխիքներ տեսնում է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու եւ, ինչպես հետեւում է նրա խոսքերից, երկրում օտարերկրյա զորքերի հնարավոր տեղակայման մեջ։
Զելենսկու խոսքերով՝ մոտ ապագայում ինքը մտադիր է հեռախոսով քննարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցը։ Նա ընդգծել է, որ Թրամփի հետ այս հարցը դեռ քննարկելու իմաստ չունի, քանի որ նա դեռ նախագահի պաշտոնը չի ստանձնել։ Մինչդեռ Թրամփը նախօրեին New York Post-ին տված հարցազրույցում կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը՝ նշելով, որ Զելենսկին իրեն փոխանցել է, որ «խաղաղություն է ուզում»։