Սիրիայում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին տապալած զինված ընդդիմությունը մտադիր է պատասխանատվության ենթարկելու երկրի անվտանգության ծառայությունների այն ներկայացուցիչներին եւ զինվորականներին, որոնք «ներքաշված են եղել սիրիացիների նկատմամբ խոշտանգումների մեջ»։ Այդ մասին հայտարարել է սիրիական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմավորման եւ «Սիրիայի փրկության կառավարության» առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, որը հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մարտական անունով։
«Մենք չենք վարանի պատասխանատվության ենթարկել հանցագործներին, մարդասպաններին, անվտանգության ուժերին եւ բանակի սպաներին, որոնք ներգրավված են սիրիացի ժողովրդի խոշտանգումների մեջ: Մենք հետապնդելու ենք պատերազմական հանցագործներին եւ պահանջելու ենք նրանց արտահանձնել այն երկրներից, ուր նրանք փախել են, որպեսզի արդար պատիժ կրեն»,-ասել է Ալ-Շարաան Սիրիայի պետական հեռուստատեսության եթերում։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում երկրի նոր իշխանությունները կհրապարակեն բարձրաստիճան պաշտոնյաների առաջին ցուցակը, որոնք կասկածվում են Բաշար ալ-Ասադի նախագահության օրոք մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար։
Նախկինում սիրիական զինված ընդդիմությունը հայտարարել էր, որ երաշխավորում է պարտադիր զինվորական ծառայության կանչված Սիրիայի բոլոր քաղաքացիների անվտանգությունը։ Ռազմական գործողությունների վարչությունը՝ ընդդիմադիր խմբերի ղեկավար մարմինը, «ընդհանուր համաներում» է հայտարարել կառավարական զորքերում ծառայած ժամկետային զինծառայողների համար։
Նոյեմբերի վերջին ընդդիմադիր զինված խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին երկրի հյուսիս-արեւելքում սիրիական կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։