Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Այդ մասին «Ազատության»-ը հայտնել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել:
«Ազատության» փոխանցմամբ՝ Ռուբինյանն այսօր էլ շատ մանրամասներ չի հայտնել, միայն հաղորդել է, որ «գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկելու Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում»:
Լրատվականը հիշեցնում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:
Սա կողմերը համարում են վստահության ամրապնդմանն ուղղված քայլ, չնայած որ նույն նպատակով ավելի քան երկու տարի առաջ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածություն, որը վերաբերում էր երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը սեղմ ժամկետում բացելուն, դեռեւս թղթի վրա է: