Վերլուծական կենտրոնները արեւմտյան երկրներում կարեւոր տեղեկատվական վերլուծական պատնեշի դեր են խաղում կուսակցական եւ խմբային շահերով պայմանավորված որոշումների ու քաղաքականությունների համար։ Փաստահեն վերլուծություններ անելով՝ «ուղեղային» կենտրոնները կամ վերլուծական խմբերը իրականության հնարավորինս օբյեկտիվ պատկեր են ներկայացնում՝ ներկա ու ապագա որոշում կայացնողներին հնարավորություն տալով իրենց քաղաքականությունները խարսխելու այդ հետազոտությունների վրա։
Երբ փորձում էի զուգահեռներ տանել հայաստանյան իրականության հետ, նկատեցի, որ անգլերեն «Think tank»-ը հայերեն թարգմանվել է «Ուղեղային կենտրոն», ինչը կարծես նախասահմանել է այդ դաշտի գլխավոր հայաստանյան առանձնահատկությունը․ Հայաստանում այդ կենտրոններում, որպես կանոն, ոչ թե մտածում են, միտք ստեղծում, այլ «ուղեղներ են հավաքում»։
Միաժամանակ, հայաստանյան համատեքստում «փորձագիտական դաշտը» միայն վերլուծական կենտրոնների աշխատակիցներից չէ, որ կազմված է։ Փորձագիտական դաշտի մեջ կան ե՛ւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ե՛ւ գիտական հիմնարկների գիտաշխատողներ, ե՛ւ տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, որոնք հընթացս զբաղվում են արտաքին քաղաքականության վերլուծությամբ, ե՛ւ նախկին ու ներկա քաղաքական գործիչներ։
Հայաստանյան համատեքստի մյուս առանձնահատկությունն այն է, որ սահմանները լղոզված են քաղաքականությամբ զբաղվողների, քաղաքականություն վերլուծողների, քաղաքականության ջատագովությամբ զբաղվողների եւ քարոզչության մարտիկների միջեւ։ Արդյունքում հայաստանյան դաշտում վերլուծական հանրույթը նույնպես արհեստականորեն երկփեղկված է՝ կա՛մ պրոիշխանական է, կա՛մ ընդդիմադիր, կա՛մ արեւմտամետ է, կա՛մ ռուսամետ, կա՛մ Արարատն է տեսնում պատուհանից, կա՛մ Արագածը։
Որպես հետեւանք՝ մեր շուրջը տեղի ունեցողը վերլուծելու փոխարեն փորձագետների մի մասը զբաղված է իշխանության յուրաքանչյուր քայլը արդարացնելով, հանրությանը այդ քայլերի նպատակահարմարությունը բացատրել-մեկնաբանելով, զուգահեռաբար քննադատելով, հաճախ ավելի շատ անվանարկելով ընդդիմությանը։ Մյուս մասը իր մասնագիտական պարտքն է համարում ընդդիմանալ, սխալ համարել, քարկոծել ամեն բան, ինչ որոշում է անել իշխանությունը․ որքան սուր բառապաշարով, այնքան սկզբունքային ու աներկբա ընդդիմադիր-վերլուծող։ Բայց ցանկացած, անգամ ամենաձախողված իշխանություն անում է նաեւ քայլեր, որոնց այլընտրանքը ավելի վնասակար կարող է լինել երկրի համար։ Եթե վերլուծելու փոխարեն դիրքավորվում ես որպես քննադատ ու անկախ ամեն բանից քննադատում կատարվող ամեն բան, ապա հավանականությունը, որ պարզապես կկորցնես վերլուծելու համար այնքան անհրաժեշտ սթափ մտածելու ունակությունը, շատ մեծ է։
Աներկբա պաշտպանողներն ու իշխանական ամեն քայլ արդարացողները այս նույն խմբի տրամաբանությամբ են գործում, միայն թե հակառակ նշանով։ Այս խմբի համար գործընթացները Հայաստանի համար դրական լույսի ներքո եւ իշխանության ամեն քայլ ռազմավարական հաղթանակ ներկայացնելը դառնում է հիմնական նպատակ՝ անկախ կատարվողից, դրանց առաջացրած ռիսկերից ու որոշումների այլընտրանքներից։ Ու եթե առաջին խումբը «չմշակված վախ» ու մոտալուտ կործանում է վաճառում հասարակության ընդդիմադիր հատվածին, ապա այս մի խումը արդարեւ կարելի է «հույսի վաճառականների» համքարություն համարել։
Միաժամանակ, խմբերից մեկը արդարացնում է ամեն բան, ինչ անում է Ռուսաստանը մեր ու այլ տարածաշրջաններում, մյուսներն իրենց պարտքն են համարում դրական լույսի ներքո ներկայացնել արեւմտյան երկրների յուրաքանչյուր որոշում՝ հատկապես մեր տարածաշրջանում։ Այս գործողություններից որեւէ մեկը ինքնին դատապարտելի արարք ու քայլ չէ, միայն թե որեւէ առնչություն չունի վերլուծելու հետ։
Այս երկու խմբերն էլ, որպես կանոն, վերլուծություններ անելիս շեշտը դնում են ռազմաքաղաքական «գուշակությունների» վրա, ու քանի որ հաճախ չի պատահում, որ որեւէ մեկը հիշեցնի նախորդիվ արված բազում տապալված «գուշակությունները», նրանց հաղթարշավը վանգայական ոլորտում շարունակվում է։
Դաշտը կարող է փոքր-ինչ առողջանալ հին ու նոր այնպիսի կազմակերպությունների շնորհիվ, որոնք, արեւմտյան ֆինանսավորում ունենալով, աշխատում են թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներով եւ պրոֆեսիոնալ կադրերի ներգրավելով։ Այս խմբի ներկայացուցիչների՝ հնարավորինս անաչառության ձգտող վերլուծությունները, որպես կանոն, թիրախավորվում են վերոնշյալ երկու խմբերի կողմից էլ՝ մի դեպքում իշխանության հանդեպ ոչ բավարար քննադատական լինելու, մյուս դեպքում իշխանությանը քննադատելու «մեղադրանքով»։
Միաժամանակ, անկախ վերլուծական կենտրոնների գործունեությունը հաճախ պիտակավորվում է նաեւ ընդհանուր քաղաքացիական հասարակությանն ուղղված պիտակների շրջանակներում՝ ֆինանսավորման աղբյուրը որպես շահերի սպասարկում ներկայացնելով։ Այստեղ, սակայն, երկու դիտարկում պետք է հաշվի առնել։ Նախ՝ արեւմտյան հիմնադրամները, որպես կանոն, ֆինանսավորում են ծրագրեր, որ միտված են անկախ վերլուծություններ ներկայացնելու, ինչպես նաեւ ժողովրդավարական ու իրավահավասարության սկզբունքները հարգելու (դրույթներ, որ սահմանաված են նաեւ մեր Սահմանադրությամբ)։ Եվ երկրորդ՝ այդ հիմնադրամների ֆինանսավորումը թափանցիկ է, այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր ծրագրի եւ կենտրոնի ֆինանսավորման աղբյուրները ոչ միայն հասանելի են հանրությանը, այլեւ պարտադիր հրապարկվում են յուրաքանչյուր միջոցառման, հրատարակության, գործունեության լուսաբանմանը կից։
Ի տարբերություն այս մոտեցման՝ արեւմտյան ֆինանսավորումը դիվականացնող շրջանակների, հասարակական-քաղաքական խմբերի, վերլուծաբանների ու քաղտեխնոլոգների գործունեության ֆինանսավորման աղբյուրն անհայտ է, չլուսաբանվող ու առեղծվածային։ Միաժամանակ, նրանց տարածած կոչերը՝ սահմանափակելու այս կամ այն գաղափարը տարածող խմբերի ու կենտրոնների գործունեությունը, հակասահմանադրական ու հակաօրինական։ Ո՛չ վերլուծական հատուկենտ ինստիտուցիոնալ հենքով կենտրոնները, ո՛չ քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչները, իհարկե, անթերի չեն իրենց գործունեության մեջ։ Բայց քանի դեռ նման կազմակերպությունները գործում են՝ իրենց նպատակների մեջ սահմանելով Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված ազատություններ, իրավահավասարություն, անկախ վերլուծական մտքի ջատագովում ու ժողովրդավարական արժեքների կարեւորում, նրանց թիրախավորումը, որպես «հակապետական գործունեությամբ» զբաղվողների, նշանակում է, որ պիտակավորողները «պետություն» ասելիս Հայաստանը նկատի չունեն։
Առհասարակ, քաղաքացիական հասարակությունը եւ վերլուծական կենտրոններն էլ, որպես լայն իմաստով քաղաքացիական հասարակության մաս, ցանկացած երկրի ժողովրդավարական զարգացման կարեւոր բաղադրիչ են․ վերլուծական կենտրոնները՝ որպես վարվող քաղաքականությունների արդյունավետությունը գնահատող եւ լուծումներ առաջարկող կենտրոններ, հասարակական տարբեր խնդիրներով զբաղվող կազմակերպությունները՝ որպես համապատասխան հասարակական շերտերի ու նրանց կարիքների գնահատման, համապատասխան օրենսդրական փոփոխություններ առաջարկելու, ջատագովելու ու օրենսդրական բարեփոխումների կյանքի կոչումն արդյունավետ իրականացնելուն միտված քայլերի իրականացնողներ։ Հետեւաբար քաղաքացիական հասարակության՝ անտեղի ու անօգուտ լինելու մասին դրույթները իսկ եւ իսկ համահունչ են տարատեսակ ռեպրեսիվ ռեժիմների տեղական ու տարածաշրջանային նպատակներին։ Առանց քաղաքացիական վերահսկողության տասնապատիկ ավելի հեշտ է ժողովրդավարության բացակայությունը լայն զանգվածներին ներկայացնել որպես անվտանգության նկատառումներից բխող միջոցառումների շարք կամ «ավանդական արժեքների» պահպանման միակ տարբերակ, իսկ ընդունվող որոշումները՝ որպես միակ հնարավոր ելք ստեղծված ու ապագա իրադրություններում։
Ուղեղային կենտրոնների միջազգային փորձն ու պատմությունը հաշվի առնելով՝ հայաստանյան համատեքստը տարբերվում է նաեւ նոր գաղափարների սակավությամբ, եթե չասենք իսպառ բացակայությամբ։ Իհարկե, ո՛չ ինստիտուցիոնալ հիշողության, ո՛չ ռեսուրսների ու հնարավորությունների իմաստով չի կարելի հայաստանյան իրադրությունը համեմատել մեծ տերություններում գործող ուղեղային կենտրոնների տված արժեքների հետ։ Բայց պետք է հիշել, որ տարբեր երկրների արտաքին քաղաքական ծրագրերում նորարարական մոտեցումների առանցքային մատակարարը հենց ուղեղային կենտրոններն են եղել, ու դա հնարավոր է եղել հենց անկախ գործելու, անկախ մտածելու եւ նոր մտքերի, հին խնդիրների համար նոր լուծումների ստեղծման հնարավորության միջոցով։
Հայաստանյան դաշտի առողջացման համար լուծումների մասին քննարկումները միշտ հանգում են ինքնամաքրման մասին քննարկումների։ Բայց այդպիսի մոտեցումը երկու թերություն ունի։ Նախ՝ չի ապահովագրում ցենզուրայից եւ անհատական համակրանք/հակակրանքների հիման վրա որոշակի վերաբերմունք ունենալուց։ Գիտական ձեռքբերումները որպես չափանիշ ընտրելն էլ ճիշտ ֆիլտր չի ապահովում․ քաղաքագիտության դոկտորներ Շիրինյանն ու Խաչիկյանը վկա։ Միաժամանակ, չի լուծում վերլուծական համայնքի կողմից հավանության չարժանացած միավորների հանրահռչակման հարցը։ Այդ պատճառով այստեղ կարեւոր դերակատարում ունեն նաեւ խոշոր լրատվական միջոցներն ու հատկապես հանրային հեռուստաընկերությունը։ Ոչ պրոֆեսիոնալիզմը կամ վերլուծաբանի անվան տակ քարոզչությամբ կամ գուշակությամբ զբաղվողների հանրահռչակումը արհեստականոերն բարձրացնում է վարկանիշը մարդկանց, որոնք այդ վարկանիշը հետո օգտագործում են այլընտրանքային իրականության պատկերներն ավելի մեծ զանգվածների շրջանում տարածելու համար։
Հայաստանում ուժեղ վերլուծական համակարգ ստեղծելու համար, ուրեմն, պետք է ուժեղացնել անկախ գործող միավորների կարողությունները, հնարավորինս շեշտադրել ապակուսակցական, անաչառ վերլուծությունների կարեւորությունը եւ խթանել նոր գաղափարներ առաջարկող վերլուծությունների ի հայտ գալը։ Միայն այդ դեպքում վերլուծական կենտրոններն ու փորձագիտական լայն համայնքը կկատարեն իրենց առաջնային դերը՝ որպես կամուրջ գիտահետազոտական աշխատանքի ու քաղաքականության ոլորտի միջեւ, եւ կխթանեն ավելի տեղեկացված ու դիմակայուն քաղաքական դաշտի եւ առհասարակ հասարակության ձեւավորումը։
Հոդվածը սկզբնապես հրապարակվել է Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։