Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին Դամասկոսը գրավելուց հետո հայտարարեցին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 24 տարվա վարչակարգի տապալման մասին։ Դեկտեմբերի 9-ին ընդդիմադիր «Սիրիայի փրկության կառավարության» եւ բազմաթիվ երկրներում ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին հանդիսավոր ժամանեց քաղաք եւ մասնակցեց Դամասկոսի Օմայանների մզկիթում աղոթքին։ Ավելին՝ այդ օրը նա, առաջին անգամ մի կողմ դնելով մարտական կեղծանունը, հանդես եկավ իր իրական անունով՝ Ահմադ ալ-Շաարա։
Հանդիսավոր կերպով հանրության մեջ հայտնվելու եւ ամերիկյան լրատվամիջոցներին հարցազրույցներ տալու համատեքստում հետաքրքրական հանգամանք է դառնում այն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը շուրջ տասը տարի առաջ Ջուլանիի գտնվելու վայրի մասին տեղեկության համար մինչեւ 10 միլիոն դոլար պարգեւ էր խոստացել՝ ճանաչելով նրան որպես ահաբեկչի եւ ընդգծելով, որ նրա գլխավորած կառույցը «բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ է իրականացրել ամբողջ Սիրիայի տարածքում»։
Չնայած որ ո՛չ Ջուլանին, ո՛չ էլ նրա ղեկավարած «Հայաթ Թահրիր ալ-Շամը» ահաբեկչական կառույցների ցուցակից դեռ չեն հանվել, փաստ է մնում այն, որ նա այժմ ավելի քան 23 միլիոն սիրիացիների առաջնորդն է, այդ թվում եւ նրանց, ովքեր քաղաքական հետապնդումների եւ քաղաքացիական պատերազմի սկսվելու պատճառով հեռացել էին երկրից եւ այժմ պատրաստ են հայրենիք վերադառնալու, առավել եւս երբ արդեն Ասադը չկա:
Այսպիսով՝ ո՞վ է Ջուլանին, եւ ի՞նչ է նա ուզում։
Ինչպես հետեւում է 2021 թվականին PBS-ին տված հարցազրույցից, Ջուլանին ծնվել է 1982 թվականին Սաուդյան Արաբիայում՝ սիրիացու ընտանիքում։ Այնտեղ նրա հայրն աշխատել էր նավթարդյունաբերության ոլորտում որպես ինժեներ։ Նրանց ընտանիքը Սիրիա վերադարձել է 1989 թվականին եւ հաստատվել Դամասկոսի Ալ-Մեզա շրջանում։
Համարվում է, որ Ջուլանին իր իսլամական շարժումներին միացել է 2003 թվականից հետո, երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ներխուժեց Իրաք։ Այդ տարում նա միացել էր ամերիկյան բանակի դեմ պայքարող օտարերկրյա ռազմականացված խմբավորումներին, իսկ 2005-ին գերեվարվել ու տեղափոխվել էր «Քեմփ Բուկա» բանտ, որտեղ էլ ամրապնդել էր իր կապերը իսլամական իրավունքի հարցերով գիտնական Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ, ով այդ ժամանակ ղեկավարում էր «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող «Իրաքի իսլամական պետություն» կառույցը։
Ազատվելով «Քեմփ Բուկայից»՝ Ջուլանին վերադառնում է Սիրիա եւ ներգրավվում Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ ծավալվող ռազմական գործողություններին՝ ունենալով նույն Աբու Բաքր ալ-Բաղդադիի աջակցությունը։
Սիրիայում Ալ-Ջուլանին իր համախոհների հետ հիմնադրում է «Ջաբհաթ ալ-Նուսրա» («Հաղթանակի ճակատ») հայտնի ռազմականացված խմբավորումը, որը Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբնական շրջանում առավել հայտնի էր մահապարտ հարձակումների կազմակերպմամբ։ 2014-ին այդ կառույցը հրաժարվում է համաիսլամական խալիֆայություն ստեղծելու իր նախկին հովանավոր Ալ-Բաղդադաիի առաջարկներից եւ փոխարենը հավատարմություն հայտնում «Ալ-Կաիդային»։ Սակայն սա նույնպես երկար չի տեւում, եւ 2016 թվականին կառույցը հայտարարում է համաշխարհային ահաբեկչական խմբավորման հետ կապերը խզելու մասին։ 2017 թվականին էլ հայտարարվում է «Ջաբհաթ ալ-Նուսրայի» լուծարման եւ մի քանի այլ կառույցների հետ միավորմամբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմավորման ստեղծման մասին։
Այդ ժամանակից սկսած, ի տարբերություն «Ալ-Կաիդայի», որի նպատակը համաշխարհին մակարդակով ջիհադի մղումն է, «Հայաթ Թահրիր ալ-Շամը» կենտրոնանացել է առավել տեղայնացված գործունեության՝ այս դեպքում զուտ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ Սիրիայում ընթացող ժողովրդական պայքարի համակարգման վրա։
Դեկտեմբերի 5-ին ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում Ջուլանին փորձում էր ակնհայտ զգուշությամբ խոսել միջազգային այնպիսի ահաբեկչական կառույցների մասին, ինչպիսիք են «Ալ-Կաիդան» եւ «Իսլամական պետությունը»՝ նշելով, որ «իսլամական կառավարումից մարդկանց վախը պայմանավորված է կա՛մ դրա ոչ ճիշտ իրագործումը տեսնելու, կա՛մ այն ահրաժեշտ ձեւով չհասկանալու հանգամանքով»։ Մյուս կողմից՝ նա նաեւ փորձել էր հանգստացնել Սիրիայի ազգային եւ կրոնական փոքրամասնություններ ալավիականներին եւ քրիստոնյաներին՝ նշելով, որ «կրոնական այդ խմբերը տարածաշրջանում գոյություն են ունեցել հարյուրամյակներով, եւ նրանց ոչնչացնելու իրավունք ոչ ոք չունի»։
Բացի այդ՝ 42-ամյա Ջուլանին CNN-ին նաեւ ասել էր, որ այժմ բավականին հասուն է՝ համեմատած այն տարիների հետ, երբ Իրաքում մասնակցում էր ամերիկացիների դեմ ռազմական գործողություններին։
«Քսանն անց մարդու բնավորությունը տարբերվում է երեսուն կամ քառասուն տարեկան մարդու բնավորությունից, էլ չասած հիսունից»,- ասել է Ջուլանին։
Դժվար է գնահատել Ջուլանիի վերջին հայտարարությունների անկեղծությունն ու իսկությունը, ինչպես նաեւ երկարաժամկետ հեռանկարում դրանց նշանակությունը, թեեւ նրա ղեկավարած խմբավորումը «Իսլամական պետության» ոճով այլ կրոնական խմբերի ջարդեր չի իրականացրել իր վերահսկողության տակ հայտնված սիրիական քաղաքներում:
Այս դեպքում էլ նոր հարցեր են առաջանում՝ արդյոք Ջուլանին կլինի ահաբեկչական կառույցների հին ներկայացուցիչը՝ նոր արտաքին տեսքով, թե, ավելի շուտ, կնմանվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «իսլամական» առաջնորդի կերպարին, որը թեեւ ժողովրդավարությունից շատ հեռու կլինի, սակայն այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների ջարդեր չի կազմակերպի։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։