Անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ՝ Հայաստանի պաշտպանության նախաարարության պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանի եւ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության եւ ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ: Խարհրդակցությունները կայացել են Հայաստանի պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 10-ին։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները եւ նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը: Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը եւ սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող»։ Առանձնապես կարեւորվել են պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական եւ այլ ուղղություններով համագործակցությունները:
Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զինված ուժերի կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները եւ այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը:
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակի համար եւ հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:
Բացի այդ՝ խորհրդակցությունների ընթացքում կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Խորհրդակցությունների ընթացքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: