Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների ծառայողական մեքենան դեկտեմբերի 10-ին Զապորոժիեի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, հայտնել է գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Զապորոժիեի ատոմակայան տանող ճանապարհին՝ ԱԷՄԳ-ի դիտորդական խմբի հերթական ռոտացիայի ավարտից հետո։ Հարձակումը, որը տեղի է ունեցել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքում, լրջորեն վնասել է մեքենան։ ԱԷՄԳ-ի աշխատակիցները չեն տուժել։
Գրոսսին չի հստակեցրել, թե ռուս-ուկրաինական հակամարտության որ կողմն է գործարկել անօդաչու թռչող սարքը։ Նա միայն դատապարտել եւ անընդունելի է անվանել տեղի ունեցածը՝ հրապարակելով վնասված մեքենայի լուսանկարները։
Միջադեպը մեկնաբանել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսնկին՝ հայտարարելով, որ անօդաչու թռչող սարքը ռուսական էր։
«Զապորոժիեի մարզի ճանապարհին, որտեղ Ռուսաստանը շարունակում է բռնազավթած պահել ատոմակայանը, ռուսական FPV անօդաչու թռչող սարքը հարձակվել է ԱԷՄԳ-ի ավտոշարասյան վրա, որի առաքելությունն է ամբողջ աշխարհում ապահովել միջուկային անվտանգությունը: Հարվածը հասցվել է ավտոշարասյան մեքենաներից մեկին։ Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան։
Այս հարձակումը հստակ ցույց տվեց, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այն ամենին, ինչ կապված է միջազգային իրավունքի, միջազգային ինստիտուտների եւ անվտանգության հետ։ Ռուսները չէին կարող անտեղյակ լինել, թե ինչ էին թիրախավորում։ Նրանք հստակ իմացել են, թե ինչ են արել եւ գործել են գիտակցաբար»,- գրել է Զելենսկին տելեգրամյան էջում։
Ռուսական կողմը չի մեկնաբանել ատոմակայանի մոտ տեղի ունեցած միջադեպը։
Հիշեցնենք՝ ռուսական զորքերը զավթել են Զապորոժիեի ատոմակայանը 2022 թվականի մարտին՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբում։