Գյումրիում երեկ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմըրիզը: 3 օր շարունակ շրջիկ խումբը եղավ քաղաքի տարբեր մասերում, դռներ թակեց, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրեց:
Քաղաքապետի պաշտոնակատար դառնալու հայտ ներկայացրած անձանցից ընտրապայքարի մեջ էին 7 թեկնածուներ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Դավիթ Առուշանյանը, վարչապետի տիկնոջ ազգական, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Շավարշ Արայանը, Լեւոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի աշխատակցուհի Էմմա Բարսեղյանը եւ անկուսակցական, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը:
Նախնական ընտրություններին մասնակցած շուրջ 1000 ընտրողների քվեների արդյունքում Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար է ընտրվել Սարիկ Մինասյանը:
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Լեւոն Անանյան — 91 ձայն, Դավիթ Առուշանյան — 220 ձայն, Շավարշ Արամյան — 88 ձայն, Էմմա Բարսեղյան — 113 ձայն, Սարիկ Մինասյան- 253 ձայն, Վահագն Մկրտչյան — 138 ձայն, Կարեն Սարուխանյան — 143 ձայն:
Փրայմըրիզի արդյունքները ցույց տվեցին, որ չիրականացավ քաղաքում տարածված վարկածը, թե պաշտոնը հասնելու է Աննա Հակոբյանի ազգականին: Ավելին՝ հաղթողը ՔՊ-ի անդամ չէր եւ ոչ էլ կարկառուն համակիր:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ նախնական ընտրության հաղթողին նշանակելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետեւ՝ եկող տարի կայանալիք քաղաքապետի ընտրություններում՝ ՔՊ թեկնածու: