Սիրիական Լաթաքիային Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածների հետեւանքով ոչնչացվել են սիրիական ռազմանավերը։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով իր աղբյուրին։
Նշվում է, որ ոչնչացված նավերը կրել էին ծովից ծով հրթիռներ։ Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածների նպատակն էր ոչնչացնել այն նավերն ու զենքերը, որոնք հետագայում կարող էին օգտագործվել իսրայելական ուժերի դեմ։
Ինչպես նշում է պարբերականը, վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել սիրիական ավելի քան 250 ռազմական օբյեկտների։
Դեկտեմբերի 9-ի երեկոյան Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր Լաթաքիա նահանգում սիրիական բանակի դիրքերին հասցված իսրայելական հարվածների մասին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի վերջին Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին երկրի հյուսիս-արեւելքում տեղակայված կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Սիրիայում կատարվող այս իրադարձություններին զուգահեռ Իսրայելի պաշտպանության բանակը նաեւ ցամաքային գործողություններ է սկսել դեռեւս 1967-ից օկուպացրած Գոլանի բարձունքների շրջանում՝ հայտարարելով, որ նման ձեւով զբաղեցնելու է նաեւ սիրիական ու իսրայելական բանակների միջեւ եղած բուֆերային գոտին՝ անվտանգության նկատառումներով։
Գոլանի բարձունքների շրջանում բուֆերային գոտու սստեղծման մասին 1974 թվականի պայմանագրի չեղարկման մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նշելով, որ պատճառը սիրիական բանակի կողմից դիրքերը լքելն է։