Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը եգիպտական կողմին է փոխանցել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների անունների ցանկը։ Այդ մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։
«Ալ-Արաբիայի» աղբյուրների համաձայն՝ միջնորդներն այժմ ակտիվ խորհրդակցություններ են անցկացնում Գազայում զինադադարի համաձայնագիր կնքելու համար եւ ճնշում են գործադրում Իսրայելի վրա՝ իր զորքերը Ֆիլադելֆիայի միջանցքից (Եգիպտոս-Գազա սահմանից) դուրս բերելու համար: Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի նկատմամբ վերահսկողությունն էլ, հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, պետք է անցնի Պաղեստինի ազգային իշխանությանը։
Ո՛չ Համասը, ո՛չ եգիպտական կողմը դեռ չեն հաստատել պատանդների անուններով ցանկի փոխանցման մասին տեղեկությունը։
Ավելի վաղ «Ալ-Քահերա ալ-Ախբարիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ իսրայելական պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ եգիպտական կողմի հետ Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցելու համար։ Դրանից մի քանի օր առաջ էլ հաղորդվել էր, որ Եգիպտոսի մայրաքաղաք է ժամանել ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը, և Եգիպտոսի գլխավոր հետախուզության վարչության ղեկավար Հասան Մահմուդ Ռաշադի հետ քննարկել են Գազայում հրադադարի ռեժիմի եւ շրջանի հետպատերազմյան կառավարման հարցերը։
2023 թվականի նոյեմբերի վերջին Եգիպտոսի եւ Կատարի միջնորդությամբ Գազայի հատվածում մեկ շաբաթով մարդասիրական զինադադար հաստատվեց։ Այս ընթացքում, ըստ իսրայելական կողմի, իրենց հաջողվել է ազատել 110 պատանդի։ Սակայն անցած տարվա դեկտեմբերի 1-ին հրադադարը խախտվեց, եւ Գազայում վերսկսվեցին ռազմական գործողությունները։
Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ այս տարվա օգոստոս-հոկտեմբերին անցկացված խորհրդակցությունների մի քանի փուլից հետո հակամարտող կողմերը չկարողացան համաձայնության գալ գործարքի պարամետրերի շուրջ։
Վերջին շաբաթվա ընթացքում բանակցությունները կրկին վերսկսվել են. Կատարը վերադարձել է իր միջնորդական դերակատարմանը, որից հրաժարվել էր մեկ ամիս առաջ։ Միեւնույն ժամանակ իսրայելցի պաշտոնյաներն էլ հայտարարում են, որ առկա է ինտենսիվ դիվանագիտական գործընթաց, որը կարող է հանգեցնել հրադադարի հաստատմանը եւ Գազայում պահվող պատանդների ազատ արձակմանը:
Իսրայելի վերջին տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը եւ նրա դաշնակիցները դեռեւս պատանդ են պահում 100 մարդու։ Պաղեստինյան շարժումն էլ պնդում է, որ Գազայում պահվող առնվազն 33 պատանդ մահացել է, եւս մի քանիսը անհետ կորել են։