Հարավային Կովկասում խաղաղության հույսի նշույլ կա, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաջողվել է հասնել խաղաղության հաստատման ամենամոտ կետին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
Ֆիդանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո տարածված հայտարարության մեջ էր նշվել, որ Անկարան մեծ ակնկալիքներ ու ցանկություն ունի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում առկա դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Դրանում նշվել էր նաեւ, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարատեւ խաղաղության հաստատումը կբխի տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերից։
Թեեւ Անկարան դրական առաջընթաց է տեսնում հայ-ադրբեջանական բանակցություններում, այնուամենայնիվ, Բաքվից շարունակում են հայտարարել, որ խաղաղության պայմանագրի համար խոչընդոտներ կան, եւ դրանցից գլխավորը Հայաստանի Սահմանադրությունն է, որն իբր տարածքային պահանջներ է ներառում Ադրբեջանի նկատմամբ։ Ավելին՝ Բաքվից տարբեր մակարդակներով շարունակում են հայտարարել, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր նախապայմանն է։
Երեւանն էլ ի պատասխան բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի Սահմանադրությունը որեւէ տարածքային պահանջ չունի հարեւանների, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ, իսկ երկրի մայր օրենքի փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։