ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է ռուսական նավթի արտահանման նկատմամբ պատժամիջոցների խստացման հարցը։ Նոր սահմանափակող միջոցներ, ըստ Bloomberg-ի, նախատեսվում է ընդունել մինչեւ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ պատժամիջոցների պարամետրերը դեռեւս քննարկվում են, ենթադրվում է, որ դրանք կազդեն ռուսական նավթի արտահանման վրա, ինչը պետք է հետագա ճնշում գործադրի Ռուսաստանի տնտեսության վրա։
Ինչպես նշում է Bloomberg-ը, խոսքը այնպիսի սահմանափակող միջոցների մասին է, որոնք նախկինում Բայդենի վարչակազմը չէր ցանկանում մտցնել՝ մտավախություն ունենալով, որ դրանք կհանգեցնեն էներգակիրների համաշխարհային գների բարձրացման։ Այնուամենայնիվ, նավթի համաշխարհային գների անկման եւ Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի մոտալուտ վերադարձի ֆոնին, որը, ըստ ենթադրությունների, Ուկրաինային կստիպի արագ համաձայնության հասնել Ռուսաստանի հետ, Բայդենի վարչակազմը պատրաստ է դիտարկելու ավելի կոշտ միջոցների ներդրումը, նշում են գործակալության աղբյուրները։
Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո Վաշինգտոնն արգելել է ռուսական նավթի ներկրումը։ Նոր պատժամիջոցները, ենթադրում է Bloomberg-ը, կարող են ազդել նաեւ Ռուսաստանի Դաշնությունից նավթ գնողների վրա, ինչպես նաեւ ռուսական նավթը տեղափոխող, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» լցանավերի (տանկերների) վրա:
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տունը կարող է դեկտեմբերի երկրորդ կեսին հայտարարել «ստվերային նավատորմի» նկատմամբ սահմանափակող միջոցների ներդրման մասին։
Նշենք, որ ռուսական նավթը տեղափոխող «ստվերային նավատորմի» լցանավերի նկատմամբ պատժամիջոցները ներառված են նաեւ Եվրամիության ներդրած սահմանափակումների 15-րդ փաթեթում։