Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադն անվտանգ տեղափոխվել է Ռուսաստան։
«Նա ապահով է, սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես պահանջվում է նման արտակարգ իրավիճակում»,- ասել է նա NBC-ին տված հարցազրույցում։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Ռյաբկովը, այսպիսով, դարձել է առաջին պաշտոնյան, ով հաստատում է, որ Ասադը տեղափոխվել է Ռուսաստան։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը նշել է, որ իր կողմից «չափազանց սխալ» կլինի «խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, և ինչպես է այդ խնդիրը լուծվել»։
«Նախագահ Ասադը Ռուսաստանում է»,- ասել է Ռյաբկովը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ տեղյակ չէ, թե «ինչ է հիմա կատարվում» նրա հետ։
Ավելի վաղ Կրեմլի աղբյուրը ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, իսկ Ռուսաստանը, հումանիտար նկատառումներով, նրանց ապաստան է տրամադրել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի վերջին Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին երկրի հյուսիս-արեւելքում տեղակայված կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։