Իրանի հետախուզությունը երեք ամիս շարունակ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը զգուշացրել է հասունացող սպառնալիքների մասին, սակայն ամեն ինչ անտեսվել է։ Այդ մասին ժողովրդին ուղղված իր ելույթում հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։
«Մեր հետախուզությունը մի քանի ամիս առաջ նախազգուշական հաղորդագրություններ էր փոխանցել Սիրիայի իշխանություններին։ Ես հստակ չգիտեմ, թե արդյոք դրանք ճշգրտորեն հասել են բարձրաստիճան անձանց։ Բայց մեր հետախույզներն ասել են, որ շահրիվար, մեհր, աբան ամիսներին (իրանական օրացույցի երեք ամիսների անվանումները, դրանց ժամանակահատվածը համապատասխանում է օգոստոսի 23-ից նոյեմբերի 21-ին) անընդհատ հաղորդագրություններ են փոխանցել»,- հայտարարել է Խամենեին։
Իրանի հոգեւոր առաջնորդը նաեւ հայտարարել է, որ «Սիրիայում ռազմական հեղաշրջումը» ծրագրվել եւ իրագործվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից՝ մեկ այլ «հարեւան երկրի» աջակցությամբ։
«Կասկած չպետք է լինի, որ Սիրիայում տեղի ունեցածը ամերիկացիների եւ սիոնիստների համատեղ ծրագիրն էր։ Այո՛, Սիրիային հարեւան մեկ այլ պետություն էլ է իր դերը խաղացել ու շարունակում խաղալ։ Բայց գլխավոր դավադիրները [․․․] եղել են ամերիկացիներն ու սիոնիստները։ Սրա ապացույցները կան»,- ասել է Խամենեին։
Նրա խոսքերով՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը ծրագրած երկրների նպատակը Արաբական հանրապետության հյուսիսային եւ հարավային շրջաններում հողեր զավթելով Մերձավոր Արեւելքում ամուր դիրքեր հաստատելն է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էր հայտնել, որ Թեհրանը տեղեկացված է եղել Սիրիայում հակակառավարական խմբավորումների հնարավոր հարձակման մասին եւ ունեցած տեղեկությունները հաղորդել Ասադի կառավարությանը։
Նոյեմբերի վերջին Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին երկրի հյուսիս-արեւելքում տեղակայված կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։