Սիրիան հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ, մեր սրտերում ու հոգիներում հատուկ տեղ ունի, որովհետեւ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի համար այն փրկության ափ էր: Դրանով է առաջին հերթին պայմանավորված մեր դրական վերաբերմունքը այդ երկրի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության:
Ավելին՝ Հալեպը եղել է հայկական սփյուռքի շտեմարանը: Ուր ուզում ես գնա՝ Ամերիկայի Արեւելյան կամ Արեւմտյան ափ, Կանադա կամ Ավստրալիա, Հալեպն է տվել մեր հոգեւորականության, բժիշկների ու ճարտարապետների, ուսուցիչների ու իրավաբանների մի քանի սերունդ արդեն Հայոց ցեղասպանությունից հետո:
Խորհրդային շրջանում Սիրիան այն քիչ երկրներից էր, որ հյուրընկալում էր խորհրդահայ գրողներին, երգիչներին, թատերական խմբերին, սիրիահայ ուսանողների մի քանի սերունդ ուսում էր ստանում Երեւանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:
1992-ի ձմռանը Հաֆեզ Ասադը Հայաստանին նվիրեց վեց հազար տոննա ցորեն, որը սովից ու ցրտից կծկված, արյունալի պատերազմում ներքաշված նորանկախ հանրապետություն հասավ Թուրքիայի տարածքով՝ այսօր դեռեւս փակ Ալիջան-Մարգարա սահմանադռնով:
Որպես ազգային փոքրամասնություն՝ սիրիահայությունը չի հետապնդվել եւ չի կրել զրկանքներ:
Այս ամենը, անշուշտ, մենք գիտենք, եւ դա է Սիրիայի հանդեպ մեր հատուկ վերաբերմունքի հիմքում:
Հայաստանի պետական շրջանակներն ու մերձիշխանական լրատվամիջոցները անգամ անուշադրության մատնեցին, երբ 2009 թվականին պաշտոնական այցով Երեւան ժամանած Բաշար Ասադը չայցելեց Ծիծեռնակաբերդ, որպեսզի չփչացնի Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները:
Ճիշտ է նաեւ, որ Սիրիան 2020-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, երբ թուրքական զորքերը ներխուժել էին երկրի հյուսիսային շրջաններ:
Այս ամենով հանդերձ, անհասկանալի է մեր ժողովրդի ու հատկապես մտավորականության եւ քաղաքական մի շարք ուժերի սրտացավ կեցվածքը բռնապետների ու ավտորիտար առաջնորդների հանդեպ՝ լինի Բաշար Ասադը, Ալեքսանդր Լուկաշենկոն կամ Վլադիմիր Պուտինը:
Եթե բռնապետների ու ավտորիտար ղեկավարների մեջ նրանք տեսնում են ուժ եւ վճռականություն, ապա մի քանի նման առաջնորդների անփառունակ վախճանը պետք է որ ցույց տար, որ նրանք սովորական, անգամ վախկոտ արարածներ են, երբ նրանց ձեռքից վերցնում ես իշխանությունը: Բաշար Ասադը այդ օրինակներից է:
Շատ ավելի զարմանալի է, որ առաջին հերթին Հայաստանում ժողովրդավարության պակասից ու դրա բացակայությունից խոսողներն են սրտացավ օտար բռնակալների ու ավտորիտար առաջնորդների հանդեպ:
Հայաստանը պետք է հնարավորինս շուտ շփումներ հաստատի Սիրիայի նոր իշխանությունների հետ: Այդ հարցում պաշտոնական Երեւանը կարող է օգտվել Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի միջնորդությունից: Վերջինիս միջոցով մենք պետք է փորձենք օգնել հալեպահայությանը, եթե դրա կարիքը լինի:
Աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում Սիրիայում Ռուսաստանի եւ Իրանի պարտությունը մեզ համար պետք է լինի ոչ թե եւ ոչ միայն մտահոգությունների ու մարտահրավերների, այլեւ դիվանագիտական անկախ նախաձեռնությունների հնարավորություն:
Հայաստանն իր երկկողմ հարաբերություններում վաղուց պետք է առաջնորդվի հենց երկկողմ ձեւաչափով:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։