ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ Փարիզում Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ խոսել է ուկրաինական պատերազմին վերջ տալու համար անհապաղ զինադադար հաստատելու եւ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին։ Վլադիմիր Զելենսկին էլ իր հերթին պնդել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ։
Հանդիպման մանրամասները հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով բանակցություններից իրազեկ աղբյուրներին։ Ավելի վաղ, մեկնաբանելով Փարիզում կայացած հանդիպումը, Թրամփը հայտնել էր, որ կենտրոնացել է պատերազմը հնարավորինս արագ ավարտելու անհրաժեշտության վրա, իսկ Զելենսկին խոսել է «ուժի դիրքից խաղաղության» եւ պատերազմը դադարեցնելու համար Մոսկվայի վրա ճնշումներ գործադրելու անհրաժեշտության մասին։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Մակրոնի ներկայությամբ 35 րոպե տեւած հանդիպմանը Թրամփն իրեն դրսեւորել էր «ընկերասեր, հարգալից, բաց եւ կարծես թե պատրաստ էր լսելու»։ Միեւնույն ժամանակ նա չէր ներկայացրել խաղաղության իր տեսլականը։ Զելենսկին էլ հանդիպման ընթացքում մտավախություն էր հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը հնարավորինս արագ ավարտելու մտադրությունը կհանգեցնի Մոսկվայի պայմաններով հակամարտության դադարեցմանը։
Ուկրաինայի աշխատակազմի աղբյուրի փոխանցմամբ՝ «հանդիպման ժամանակ ասվել է, որ խաղաղության համար երաշխիքներ են պետք, քանի որ միայն հրադադարը բավարար չէ, եւ որ Պուտինը կարող է կրկին խախտել այն, ինչպես նախկինում արել է՝ առանց համապատասխան երաշխիքների»։
Ավելի վաղ խոսելով Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից՝ Զելենսկին հայտնել էր, որ որպես այդպիսիք կարող են դիտարկվել կա՛մ ՆԱՏՕ-ի հրավերը, կա՛մ էլ երկրում օտարերկրյա ռազմական կոնտինգենտի տեղակայումը։
Աղբյուրներից մեկը Reuters-ին նշել է, որ Մակրոնն ու Զելենսկին հանդիպման ժամանակ ընդհանուր առմամբ հանդես են եկել ընդհանուր դիրքորոշմամբ եւ փորձել են Թրամփին համոզել Մոսկվայի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մեջ։
Paris Match-ին տված հարցազրույցում ԱՄՆ նորընտիր նախագահը, որը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, Ուկրաինայում պատերազմի ավարտն իր առաջնահերթ խնդիրն է համարել՝ նշելով, որ դա ավելի բարդ խնդիր է, քան Մերձավոր Արեւելքում հակամարտությունը լուծելը։