ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Մոսկվան ու Կիեւը պայմանավորվեն հրադադարի շուրջ, ապա այդ ռեժիմը պետք է վերահսկեն եվրոպական երկրների զորքերը։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։
Պարբերականի համաձայն՝ Թրամփը Զելենսկուն եւ Մակրոնին ասել է, որ չի աջակցում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գաղափարին, բայց միեւնույն ժամանակ կցանկանար տեսնել ուժեղ եւ լավ զինված Ուկրաինա։
Թրամփը կարծում է, որ Եվրոպան պետք է մեծ դեր խաղա Ուկրաինայի պաշտպանության եւ աջակցության գործում։ Նա նշել է, որ կցանկանար, որ եվրոպական երկրների զորքերը հետեւեին հրադադարի պահպանման ռեժիմին։ Միեւնույն ժաանակ ԱՄՆ նորընտիր նախագահն ընդգծել է, որ ամերիկյան բանակը այդ գործընթացներին չի մասնակցի։
Նա նաեւ եվրոպական երկրներին կոչ է արել ճնշումներ գործադրել Չինաստանի վրա, որպեսզի վերջինս օգտագործի իր ազդեցությունը եւ ստիպի Ռուսաստանին դադարեցնել մարտերը Ուկրաինայում։
Թրամփի, Զելենսկու եւ Մակրոնի հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին Փարիզում։ Դրանից հետո Թրամփը կոչ արեց բանակցություններ սկսել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։ Կրեմլը պատասխանեց, որ Ռուսաստանը «բաց է բանակցությունների համար», սակայն դրա համար Վլադիմիր Զելենսկին նախ պետք է չեղարկի Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններն արգելող օրենքները։ Զելենսկին էլ իր հերթին հայտարարեց, որ «Պուտինը չի ցանկանում, որ այս պատերազմն ավարտվի»։